կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-21 20:00
Առանց Կատեգորիա

Ընտրական անբարոյականության ճարտարապետները

Ընտրական անբարոյականության ճարտարապետները

Ընթացող քարոզարշավում քաղաքական տեխնոլոգիաների գրեթե լիակատար բացակայության պայմաններում հանրային գիտակցության վրա ազդելու հիմնական գործիք են դարձել տարատեսակ, որոշ դեպքերում կեղտոտ մանիպուլյացիաները: Որքան էլ անազնիվ է, այունամենայնիվ քաղաքական, գաղափարախոսական, տեսլականի սնանկությունը ծածկելու, դրա վակումը լցնելու խնդիր ունեցողների համար սա օրինաչափ է: Քանի որ խնդիրը երևույթի մեջ է, այդ մանիպուլյացիոն հնարքները ներկայացնելու ենք ՝ առանց դրանք կիրառող քաղաքական ուժերին նշելու, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե հակաքարոզչություն է արվում:

  1. Ամենաստոր ձևով  շահարկվում են հասարակական ու զուտ մարդկային տագնապները՝ կապված մոտալուտ պատերազմի ու սահմանագծից ամենօրյա ռեժիմով ստացվող մարտական գործողությունների մասին տեղեկավության հետ: Ընտրապայքարի գրեթե բոլոր մասնակից ուժերն իրենց ծրագրերում նշել են պրոֆեսիոնալ զինծառայության անցնելու, առաջնագծում աստիճանաբար պրոֆեսիոնալների կամ պայմանագրայինների հերթափոխի անցնելու մասին: Սա բնական է, որովհետև վերաբերում է երկրի ներկայիս հիմնական մարտահրավերներից մեկին: Բայց այդ ուժերից մեկը, չգիտես ինչու, որոշել է տարիքի հետ կապված մտավարժանքներ անել: Հռչակել է, թե սահմանին 18 տարեկանը չի կանգնելու: Ինչո՞ւ է 18 տարեկաններին առանձնացրել. շատ պարզ պատճառով. պարզապես խաղում է նորակոչիկներ ունեցող ընտանիքների ամենանուրբ զգացմունքների և արցունքների վրա: Գործոն, որից բարոյական քաղաքականությունը պետք է հեռու մնար մղոններով:

  2. Մեկ այլ ուժ՝ որոշել է քարոզչական լեյտմոտիվ դարձնել կեղծ պացիֆիզմը՝ փորձելով ստեղծել Հայաստանում միակ խաղաղություն սիրող ու խաղաղություն բերելու կարողություն ունեցող ուժի կերպար: Այս միավորումը ԼՂ հիմնահարցի շրջանակում արհեստականորեն նույնացնում է խաղաղություն, զիջումներ և արժանապատվություն և հակառակ համեմատականով՝ պատերազմ, չզիջել և կարճատեսություն հասկացությունները: Սա վտանգավոր մանիպուլյացիա է: Քանի որ վերաբերում է խորքային և տևական պրոբլեմի, դրա ազդեցությունը ևս կարող են լինել մնայուն: Այս դիրքերից մյուս ուժերին և հասարակությանը ենթարկում է պատերազմի շանտաժի: Բայց քանի որ փաստարկները չափազանց խոցելի են բոլոր առումներով, այս ուժը համառորեն խուսափում է ակտիվ բանավեճից՝ ցանկացած նման ձևաչափ վերածելով օպոնենտների հանդեպ անձնական վիրավորանքներ հասցնելու, շանտաժի ենթարկելու, դիմացինին ինչ-որ վանկարկումներով խոսքից զրկելու հարթակի: Թվում է՝ պարզունակ է: Բայց նման շոուները հասարակության ստորին զգացական ընկալումների վրա` քարոզչական թեզիսները տիրաժավորելու միջոց է:

  3. Ամենաստոր ձևով շահարկման առարկա դարձվեց Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերող»-ի մահը: Իսկապես զզվելի էր տեսնել, թե ինչպես են ընտրարշավին մասնակցող ուժերից շատերը ամբիոններից պարզաբանում, թե քանի հազար դրամ են անձամբ հատկացրել այդ մարդուն կալանքից ազատելու` երշախավորություն տալու համար: Նրանք, ովքեր որևէ ձևով չէին արտահայտել Արթուրի երկրորդ ձերբակալության իրավական, առողջապահական և բարոյական հիմնավորվածության վերաբերյալ, ովքեր մինչ այդ կատարյալ անտարբեր էին այդ մարդու կյանքի ոդիսականի հանդեպ, հանկարծ սկսեցին դեմքին կեղծ դրամատիզմ հաղորդելով ցավակցություններ հայտնել ու արժևորել նրան, նրա մարդկային տեսակը: Արթուրի ողբերգությունը դարձվեց մանրադրամ: Որպես մարդ, որպես Հայաստանի քաղաքացի, ով գուցե դարձել է բժշկական սխալի, արդարադատության համակարգի սխալների զոհը, Արթուրը չկար: Բոլորը հանկած տեսան «Հաց բերողին»:

  4. Վերջին շրջանում ի հայտ է եկել մանիպուլյացիայի մի նոր դրսևորում: Քաղաքական միավորումներից մեկն ուղղակի և անուղղակի ձևերով, կաթիլ-կաթիլ, փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանում ռազմական հեղափոխություն է հասունանում, քանի որ զինված ուժերը թաքուն այդ ուժին աջակցում են: 2008-ի փետրվարի հետընտրական շրջանում այդ հնարքը անհաջող կիրառել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հավանաբար հիմա փորձ է արվում կրկնել սցենարը: Պարզ է՝ նպատակը մի կողմից այդ ուժը իշխանության միակ ռեալ այլընտրանքը իշխանափոխություն և նույնիսկ հեղափոխություն կատարելու պոտենցյլան ունեցող միակ ուժ ներկայացնելն է, մյուս կողմից բանակին քաղաքականացնելը: Գործող իշխանության դեմ պայքարող քաղաքական ուժը, փաստորեն, միտումնավոր բանակը ներքաշում է ներքին պրոցեսների մեջ: Անում է այն, ինչի մեջ 2008-ի մարտին ընդդիմադիրները մեղադրում էին իշխանությանը: Այսինքն այն, ինչ չի կարելի իշխանությանը, որոշների թեթև ձեռքով կարելի է դարձվում հիմա: Այս մանիպուլյացիայի հեղինակները որոշել են Հայաստանը դարձնել Թուրքիա, որտեղ տասնամյակներ շարունակ բանակը միանգամայն լեգիտիմ միջամտում էր ներքին քաղաքականությանը և ուղղորդում երկրի ընթացքը: Պարզ չէ, միայն, թե ո՞վ է հայկական Աթաթուրքը:

  5. Մասսայականություն ունեցող ուժերի կողմից ռեյտինգային թեկնածուների ամենագործուն ջանքերով համառորեն տարածվում է համատարած վախի մթնոլորտ: Ամեն օր գրեթե այս կամ այն բնակավայրում ընտրական մոտիվներով ներքին կամ միջկուսակցական խուլիգանական ռազբորկաների, դանակահարությունների, հաշվեհարդարների մասին տեղեկատվություն է ստացվում: Տարօրինակն այն է, որ այդ քաղաքական ուժերը, փոխանակ տեղի ունեցողին քաղաքական գնահատականներ տալու, խուժանին այս պրոցեսներից մեկուսացնելու, ընտրություններից հետո իրարից հաշիվ պահանջելու հրապարակային սպառնալիքներ են հնչեցնում: Սա անուղղակի մանիպուլյացիա է. դրության տերը լինելու, «հարցեր լուծողի» նախկին կարգավիճակը կորցրած չլինելու, անպատիժ մնալու համոզմունք ձևավորելու նպատակով: Իսկ խնդիրը մեկն է. այդ կերպ ընտրողի վրա անուղակի հոգեբանական ճնշում գործադրելով ձևավորել ընտրությունների ելքի կանխորոշվածության պատրանք, նրանց դրդել «ուժեղի» կողքին լինելու մղումով իրենց ցանկալի վարքագծին:

Գևորգ Դարբինյան