կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-07 11:26
Առանց Կատեգորիա

Ճշմարտությունն ու ճիշտը

Ճշմարտությունն ու ճիշտը

«Ելք» դաշինքն առաջարկում է ստեղծել Ճշմարտության հանձնաժողով: Այսինքն` եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրանք հաղթեն եւ ձեւավորեն կառավարություն, այլ կերպ՝ իշխանություն դառնան, երրորդ հանրապետության գոյության ընթացքում տեղի ունեցած բոլոր աղմկահարույց հանցագործությունները /Հոկտեմբեր 27, Մարտի 1 եւ այլն/ բացահայտելու նպատակով ստեղծելու են Ճշմարտության հանձնաժողով, որի կազմում ընդգրկվելու են հասարակության շրջանում ճանաչված եւ վստահություն վայելող գործիչներ: Պատկերացրեցի՞ք: Անկեղծ ասած` ես ավելի հեշտությամբ պատկերացնում են այն, որ «Ելքը» կհաղթի ընտրություններում եւ իշխանություն կդառնա, քան այն, որ Ճշմարտության հանձնաժողովը կբացահայտի ճշմարտությունը:

Տեսեք` ենթադրենք, թե հանձնաժողովի կազմում աշխատում է հարյուր հոգի, հարյուրն էլ` ճանաչված, հարգված, սիրված, ոմանք անգամ՝ պաշտված, մի խոսքով՝ վստահելի: Նախ` սա արդեն արժանահավատ չէ, որ Հայաստանում նման հարյուր հոգի կգտնվի, թեկուզ՝ հիսուն: Ենթադրենք գտնվեց: Հավաքվում են, ենթադրում եմ` հանձնաժողովի նորակառույց  շենքում, որը պետք է որ ժամանակակից լինի, անհրաժեշտ սարքավորումներով, եւ որի բոլոր պատուհաններից պետք է երեւա ճշմարտությունը: Հանձնաժողովի բոլոր աշխատողները պետք է ստանան բարձր աշխատավարձ, քանի որ եթե ցածր ստանան, ապա կկաշառվեն, իսկ եթե կաշառվեն, էլ ի՞նչ ճշմարտություն: Հետո հավաքվում են նիստի, քննարկում են ինչ-որ հանցագործություն: Ի դեպ, օնլա՞յն են քննարկում, թե՞ հանրությանը հանձնաժողովի քննարկումների տեսագրված, խմբագրված, հղկված, սրբագրված տարբերակն է ներկայացվելու: Եթե` առաջինը, ապա Ճշմարտության հանձնաժողովի նիստերը 18+ են լինելու եւ հեռարձակվելու են ուշ գիշերային ժամերին, ինչը, փաստորեն, նշանակում է, որ օնլայն չի կարող լինել, քանի որ հանձնաժողովի անդամներին հնարավոր չէ ամեն օր կեսգիշերն անց հրավիրել նիստի: Եթե օնլայն չի լինելու, խմբագրվելու է, մոնտաժվելու է, ապա ո՞ր կտորները, որոնք հանրությանը հետաքրքիր չե՞ն, իսկ ո՞վ է որոշելու, թե ճշմարտության բացահայտման ո՞ր կտորները հանրությանը հետաքրքիր չեն:

Գուցե մի առանձին՝ Որոշող հանձնաժողովն  էլ ձեւավորվի, որ սա որոշի… Բայց սա դեռ գլխավոր խնդիրը չէ: Ենթադրենք` բացահայտվում է ինչ-որ աղմկահարույց հանցագործություն, բայց պարզվում է, որ Ճշմարտության հանձնաժողովի փոխնախագահի մորաքրոջ որդին այդ հանցագործության շահագրգիռ կողմ է, իսկ հանձնաժողովի փոխնախագահն ուղղակի պաշտում է իր մորաքրոջն ու նրա որդուն: Ի՞նչ պետք է անեն, գուցե հանձնաժողովը հանի՞ այդ մարդուն իր կազմից` տարածելով հայտարարություն, որ այդ մարդը, ինչպես պարզվեց, հանրությանը լավ ծանոթ չէր եւ հարգված չէր, ինչը պարտադիր է Ճշմարտության հանձնաժողովի անդամ լինելու համար:

Ի դեպ, երբ հանձնաժողովը բացահայտի եւ հանրությանը ներկայացնի բոլոր հանցագործությունները եւ դրանց մեղավորներին, ի՞նչ է լինելու, լուծարվելո՞ւ է, թե, ենթադրենք, դառնալու է նախարարություն, հենց նույն անունով՝ Ճշմարտության նախարարություն` ճշմարիտ նախարարով: Օրինակ` Օրուելը՝ իր «1984» վեպում ստեղծել էր Ճշմարտության նախարարություն, ու գիտե՞ք, թե ինչ էր անում այդ նախարարությունը. իրականությունը ներկայացնում էր որպես ճշմարտություն, օրինակ` տվյալ պետությունը պատերազմում է այլ պետության հետ, ուրեմն այդ պետությունը ներկայացվում է որպես թշնամի, վաղը բարեկամանո՞ւմ է, ներկայացվում է որպես բարեկամ: Ընդ որում` Ճշմարտության նախարարության գործառույթն այն էր, որ հետևում էր` մամուլի բոլոր այն տողերը, որոնցում այդ պետությունը որպես թշնամի էր ներկայացված, փոխվեն, եւ այդ պետությանը հիմա էլ որպես բարեկամ ներկայացնեն, իբր երբեք թշնամի ներկայացրած չեն եղել: Այսինքն՝ խաբեն: Մի խոսքով` Ճշմարտության նախարարությունը, գոնե` Օրուելի ստեղծած, մարդկանց խաբելու համար էր:

Հովիկ Աֆյան