Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փետրվարի 14-ին բերման ենթարկված` Die Welt-ի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը ձերբակալվել է՝ «ահաբեկչական խմբավորման պրոպագանդայի և ժողովրդին ատելության և թշնամանքի հրահրելու» մեղադրանքով։ Անգելա Մերկելը Յուջելի ձերբակալությունը «տխուր և անհամաչափ» է որակել։
Ըստ «Ակօս»-ի՝ լրագրող Յուջելը նյութեր է պատրաստել Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային նամակների վերաբերյալ, որոնք հրապարակվել էին հաքերների կողմից։ Ալբայրաքի մասին նյութերի պատճառով լրագրողը մեղադրվել է «ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու, անձնական տվյալները շահագործելու և ահաբեկչության պրոպագանդա» իրականացնելու մեջ։
Լրագրողներ Թունջա Օրեթենը, Օմեր Չելիքը և Մահիր Քանաաթը նույնպես ձերբակալվել էին նույն հետաքննության շրջանակներում։
Դենիզ Յուջելի փաստաբաններ Վեյսել Օքը և Ֆերաթ Չաղըլը նշել են, որ յոթ օրվա ընթացքում բողոքարկելու են դատարանի որոշումը։
Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացի հանդիսացող` 43-ամյա Յուջելը փետրվարի 14-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն։ Նրա բերման ենթարկվելու փաստը գերմանացի քաղաքական գործիչների քննադատությանն էր արժանացել։
Դենիզ Յուջելի ձերբակալության որոշումը Գերմանիայի կառավարության ներկայացուցիչների բողոքն է առաջացրել։ Die Welt-ի հետ զրույցում Անգելա Մերկելը Յուջելի ձերբակալությունը որակել է որպես «ցավ և հիասթափություն պատճառող»։ Նա մատնանշել է, որ Յուջելը ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, և նշել է, որ ընդունված որոշումը շատ ծանր է և անհամաչափ։
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը ևս քննադատել է Die Welt-ի թղթակցի ձերբակալությունը։ Գաբրիելի քննադատությունն ավելի խիստ է եղել։ Նա նշել է, որ այս օրինակը «ցույց է տալիս մամլո և խոսքի ազատության հարցում երկու երկրների մոտեցումների տարբերությունը»։
Երեքշաբթի նախատեսվում է բողոքի ակցիա իրականացնել Բեռլինում Թուրքիայի դեսպանատան առջև։ Նախատեսվում է, որ բողոքի ակցիային մասնակցելու են Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, պատգամավորներ և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչներ։