Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեհաստանի գնած թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերի թիրախը Ռուսաստանն է: Այս եզրակացությունն արել է գերմանական Die Welt թերթի սյունակագիր Ֆիլիպ Ֆրիցը:
Պարբերականը վերլուծում է Լեհաստանի և Թուրքիայի միջև 24 Bayraktar TB2 մարտական անօդաչու սարքերի մատակարարման գործարքը: Առաջին վեց անօդաչու թռչող սարքերը Լեհաստան պետք է առաքվեն մինչ 2022 թվականը: Ընդհանուր առմամբ, Վարշավան շուրջ 270 միլիոն դոլար է ներդնում թուրքական ռազմական արտադրանքի մեջ՝ ներառյալ ռադարներ, հրամանատարական կայաններ, լոգիստիկա, հրթիռներ և տեխնոլոգիաների փոխանցում:
Die Welt-ը Թուրքիայի հետ լեհական ռազմական համագործակցությունը կապում է «Վաշինգտոնից դժգոհության» հետ:
«Վարշավայում Վաշինգտոնի և հատկապես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կապված դժգոհությունն ահռելի է,- նշում է Ֆրիցը:- Նրա հայտարարությունից հետո, որ պատժամիջոցներ չի կիրառի «Հյուսիսային հոսք-2»-ը շահագործող ընկերության նկատմամբ, ԱՄՆ-ի՝ որպես գործընկերոջ նկատմամբ վստահությունը խախտվել է: Լեհաստանը գերմանա-ռուսական գազատարի ամենախիստ քննադատն է: Վարշավան դա համարում է եվրոպական էներգետիկ անվտանգությանը սպառնալիք և Կրեմլի շանտաժի միջոց: Մինչ այժմ Լեհաստանը ԱՄՆ-ին ընկալում էր որպես աջակցող կազմակերպություն այս հարցում»:
«ԵՄ-ում ոչ ոք չի զգուշացնում Ռուսաստանի ագրեսիվ արտաքին քաղաքականության մասին այնքան վճռականորեն, որքան Լեհաստանը: Լեհաստանի կողմից անօդաչու թռչող սարքերի գնումը ուղղված է Ռուսաստանի դեմ: Այսպիսով՝ Լեհաստանի կառավարությունը Միացյալ Նահանգներին ցույց է տալիս, որ պատրաստ է փոխել իր գործընկերոջը պաշտպանական հարցերում, եթե դժգոհ լինի որոշ հիմնարար որոշումներից»,- գրում է սյունակագիրը:
Լրագրողի խոսքով՝ «անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ լեհ-թուրքական համաձայնագրի նշանակությունը դուրս է գալիս Լեհաստանի և Եվրամիության շրջանակներից»: «Սա նաև ազդանշան է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համար»,- ամփոփում է գերմանական թերթի հոդվածագիրը: