կարևոր
3196 դիտում, 2 օր առաջ - 2025-03-28 15:19
Տարածաշրջան

Ի՞նչ է կատարվում Թուրքիայում․Դիարբեքիրից հաղորդում է Akunq.net-ի թղթակիցը

Ի՞նչ է կատարվում Թուրքիայում․Դիարբեքիրից հաղորդում է Akunq.net-ի թղթակիցը

Կարոտ Սասունյան

Թուրքիան 40 տարի պատերազմում էր քրդերի (PKK) հետ։ Տարիներ շարունակ երկու կողմից էլ 50 հազարի չափ մարդ է մահացել։ Հարյուրավոր գյուղեր են դատարկվել և հրկիզվել։ Միլիոնավոր մարդիկ արտագաղթեցվել են իրենց բնակավայրերից։ Հազարավորները բանտարկվել են։ Ընտրությունների ժամանակ ձայների մեծամասնությունը շահած քաղաքապետարանների գործունեությունը հսկողության տակ վերցնելու համար հսկիչներ են նշանակվել։ Պատգամավորներ, քաղաքապետեր և լրագրողներ են ձերբակալվել։

Սակայն վերջին շրջանում հանկարծակիորեն մի նոր խաղաղության գործընթաց մեկնարկեց PKK-ի կամ քրդերի հետ։ Նախկինում էլ էին խաղաղության գործընթացներ եղել, սակայն դրանք զանազան պատճառներով անհաջողության էին մատնվել։ Թուրքիայում իշխանության ղեկին գտնվող ծայրահեղ ազգայնական Ազգային շարժում կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին ուշագրավ և անակնկալ հայտարարություն արեց, թե PKK-ի կալանավոր առաջնորդ Աբդուլլահ Օջալանից պահանջել է գալ Թուրքիայի մեջլիս և հայտարարել, որ PKK-ն վայր է դրել զենքերը։ Այնուհետև Իմրալըի կալանավայրում գտնվող Աբդուլլահ Օջալանը մի նամակով հայտնեց, թե ինքը պահանջել է, որ PKK-ն ինքնալուծարվի, իսկ լեռներ բարձրացած PKK-ի մարտիկներին էլ համագումար անելու կոչ է արել։ Այս գործընթացը շարունակվում է։

Այդ ընթացքում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվեց կոռուպցիայի և ՊԿԿ-ին օգնելու մեղադրանքով։ Դրանից անմիջապես հետո ձերբակալվեցին Ստամբուլ նահանգի այն գավառապետերը, որոնք Ժողովրդահանրապետական կուսակցության անդամներն էին։ Նրանց գավառապետարաններում հսկիչներ նշանակվեցին։ Ստամբուլի քաղաքապետարանում հսկիչ չնշանակվեց, սակայն մտահոգություն կա, որ ամեն պահ կարող է նման բան պատահել։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ զանգվածային բողոքի ակցիաներ իրականացվեցին։ Թեև ցույցերն ու երթերն արգելված են, մի քանի օր է, որ ակցիաները շարունակվում են։ Ցույցերին ոստիկանությունը շատ չի միջամտում, սակայն ժամանակ առ ժամանակ ցուցարարների և ոստիկանների միջև մանր ընդհարումներ են գրանցվում։ Ակցիաների առաջին օրը քրդերը թե՛ քրդաբնակ և թե՛ մեծ քաղաքներում Նովրուզն էին նշում։

Թուրքերը դրական չվերաբերվեցին Շըրնաքում Նովրուզի տոնակատարություններին մասնակից երեխաներին մի ոստիկանի կողմից քաղցրավենիք բաժանելու դեպքին։ CHP-ի անդամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը քննադատեց այդ դեպքը։ Նա «քուրջ» անվանեց Նովրուզի տոնակատարությունների շրջանակներում բարձրացված քրդական դրոշը, որի պատճառով քրդերը դատապարտեցին նրան։ Անկարայի քաղաքապետի դեմ ևս բողոքի ակցիա իրականացվեց։ DEM կուսակցությունը նույնպես իր դժգոհությունն արտահայտեց Անկարայի քաղաքապետի արտահայտած մտքերի կապակցությամբ։

Ստամբուլում CHP-ի կազմակերպած միտինգին DEM կուսակցության առաջնորդի մասնակցությունից հետո CHP-ի առաջնորդ Օզգյուր Օզելը ներողություն խնդրեց՝ առանց հնչեցնելու Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի անունը։ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի ելույթի պատճառով քրդերի մեծ մասը չաջակցեց CHP-ցիների կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին։ Այդ ընթացքում Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանը հայտարարեց, որ CHP-ի կազմակերպած բողոքի ակցիաները համարում է ահաբեկչական գործողություններ, և որ ձերբակալված քաղաքապետերն անօրինականություններ են թույլ տվել, հետևաբար շարունակելու են անազատության մեջ  մնալ։

Թարգմանեց Մելինե Անումյանը

www.akunq.net