|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիա մուտք գործելիս Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել է թուրքական Hurriyet առաջատար թերթի` Նյու Յորքի թղթակից և ներկայացուցիչ Ռազի Ջանիքլիգիլը. տեղենակցնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական Zaman թերթի կայքի` հայտնի լրագրողն ընտանիքի հետ Ստամբուլ էր եկել` արձակուրդն անցկացնելու: Նշվում է, որ Ջանիքլիգիլի ձերբակալությունը, ամենայն հավանականությամբ, կապված է սոցցանցերում վերջինիս կատարած գրառումների և ակտիվ գործունեության հետ:
Լրագրողը վերջին շրջանում հաճախակի է գրառումներ կատարել թուրք մեծահարուստ Ռեզա Զարրաբի` ԱՄՆ-ում շարունակվող դատավարության վերաբերյալ:
Նշենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին երկրում պայթած կոռուպցիոն սկանդալի արդյունքում ձերբակալվելուց և մի քանի ամիս հետո ազատ արձակվելուց հետո Ռեզա Զարրաբը հեռացել էր Թուրքիայից: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Զարրաբը համատեղ բիզնես ծրագրեր է իրականացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի անդամների հետ:
Աղբյուրը ավելացրել է նաև, որ երկրում մամուլի ազատության վիճակը չափազանց մտահոգիչ է` հիշեցնելով, որ մամուլի ազատության ցուցանիշով Թուրքիան զբաղեցնում է 151-րդ տեղը` 180 երկրների շարքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը գրեթե ամեն օր քննադատվում է մամուլի վրա գործադրվող ճնշումների համար այնպիսի երկրների ու կազմակերպությունների ղեկավարների կողմից, ինչպիսիք են Եվրամիությունը, ԱՄՆ-ը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:
Թուրքական մամուլում հայտնված նոր տեղեկությունների համաձայն` ժամեր առաջ դատախազությունում ցուցմունք տալուց հետո Ջանիքլիգիլը բաց է թողնվել:
Լրագրողի ձերբակալության փաստի առնչությամբ քննադատական հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Լրագրողների միությունը (UNCA): «Այսօր Ստամբուլում ձերբակալվել է թուրքական մեդիադաշտում գործող Hürriyet թերթի լրագրողը սոցցանցերում թուրք պաշտոնյաների վերաբերյալ արած գրառումների պատճառով: UNCA –ն այս իրողությունը մամուլի ազատության մտահոգիչ ոտնահարում է համարում»,- ասված է հայտարարության մեջ: