Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն անդրադարձավ մի քանի ներքաղաքական հարցերի:
Պատասխանելով Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք ԸՕ-ն ունի սողանցքներ, մասնավորապես` ծրարում, քվեաթերթիկից բացի, այլ գրության, իրի առկայությունը անվավեր չի՞ դարձնելու քվեաթերթիկը, ինչը կարող է քվեարկության վերահսկման նշան հանդիսանալ, Հովհաննես Սահակյանը զարմացավ. «Էս ինչե՞ր եք մտածել, մենք այդքան հեռու չենք գնացել»: Պատգամավորը բացառեց, որ այդ առումով հնարավոր կլինի վերահսկել քվեարկությունը: Նրա խոսքով` վավեր է համարվելու միայն այն քվեաթերթիկը, որը կունենա դրոշմանիշ:
Հարցին, թե բացառո՞ւմ է ընտրակաշառքի բաժանումը կառավարող կուսակցության կողմից, Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ եթե կան ընտրակաշառքի մասին փաստեր, ուրեմն պետք է դիմել իրավապահ մարմիններին:
Լրագրողները Հովհաննես Սահակյանին հարցրեցին երեկ Մասիսում երկու հանրապետական թեկնածուների կողմնակիցների միջև ծեծկռտուքի միջադեպի մասին: Հիշեցնենք, որ ծեծկռտուքի միջադեպ է եղել Մասիսում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուներ Մուրադ Մուրադյանի ու Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների միջև:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` պայքարն ընթանում է ոչ միայն քաղաքական ուժերի, այլև կուսակցության ներսում` թեկնածուների միջև: «Մի թեկնածուի ընտրարշավը կարող է մյուսի կողմից դիտարկվել որպես իր դեմ իրականացված քայլ: Նման երևույթներ կարող են լինել, իրար ճիշտ չհասկանալու դեպքեր կարող են լինել: Կոնկրետ Մասիսում տեղի ունեցած միջադեպի հետ կապված մանրամասների չեմ տիրապետում, չեմ խոսել ո'չ Մուրադ Մուրադյանի, ո'չ էլ Արայիկ Գրիգորյանի հետ: Այսօրվա ընտրական համակարգի առանձնահատկությունը բերելու է նրան, որ բոլորը բոլորի դեմ պայքարելու են»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Ըստ նրա` անձամբ ինքը քննարկել է իր թեկնածությունը վարկանիշային համակարգով առաջադրելու նպատակահարմարությունը և հանգել եզրակացության, որ ինքն ավելի քաղաքականացված ցուցակում պետք է ընդգրկվի, քան վարկանիշային ցուցակում:
Հովհաննես Սահակյանը չբացեց բոլոր փակագծերը, թե ինչ պաշտոն են առաջարկել իրեն` ասելով միայն, որ այլ պաշտոնի առաջարկ է եղել: