կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-24 14:57
Տնտեսական

Դավիթ Լոքյանը հորդորեց համայնքապետերին` նախաձեռնող լինել

Դավիթ Լոքյանը հորդորեց համայնքապետերին` նախաձեռնող լինել

Եթե մեր երկրում չունենանք լավ համայնքներ, չենք ունենա լավ տեղական ինքնակառավարում և չենք ունենա լավագույն ծառայություններ. այսօր Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով՝ մեր երկրում համայնքների միության գործունեությունը միակողմանի չպետք է լինի:

«Բոլորս էլ գիտենք, որ մեր երկիրը, բազմաթիվ դժվարություններ կրելով, չի փորձում սեղմել, նեղացնել համայնքային բյուջեները: Մենք ունենք բազմաթիվ պրոբլեմներ: Մենք ձեզ հետ սեփական եկամուտներին բացարձակապես թյուր վերաբերմունք ենք ցուցաբերում և մտածում ենք, որ կարելի է այսպես ապրել ևս 1 տասնամյակ՝ ունենալով 30 մլն բյուջե, դրանով որոշակի ծառայություններ մատուցել կամ չմատուցել, աշխատակիցներ ընդունել, աշխատավարձ տալ և մշտապես դժգոհ մնալ երկրից, տվյալ համայնքում դժգոհ պահել ժողովրդին»,- ասաց նախարարը:

Լոքյանի խոսքով` փաստ է, որ ՀՀ համայնքապետերի բացարձակ մեծամասնությունը շատ մեծ դժվարությամբ է փորձում մեծացնել եկամուտները: «Փաստ է նաև, որ մեր համայնքներն իրավամբ ունեն ռեսուրսներ. երբ մեր համայնքապետը ցանկանում է, կարողանում է մեծացնել սեփական բյուջեն: Ես հասկանում եմ ձեզ, դուք ընտրվող մարդիկ եք, ունեք հարաբերություններ ձեր բնակչի հետ, դուք ունեք ամենօրյա շփում այդ մարդկանց հետ` բարեկամական, հարազատական և այլ կապեր, բայց մենք պետք է կարողանանք սա հստակ հասկանալ, հասանելի դարձնել մեր քաղաքացիներին, որպեսզի ձեր գործը հեշտանա, իսկ եթե` ոչ, դուք շարունակելու եք տասնամյակներով մի քանի կոպեկ պետական դոտացիա ստանալ, մի քանի կոպեկ սեփական եկամուտներ ստանալ, որը պետական դոտացիայից շատ ու շատ անգամ պակաս է»,- ասաց նա:

Լոքյանի կարծիքով՝ համայնքների միությունն այն հարթակն է, որն առաջիկայում պետք է այս խնդիրները քննարկի, և սա պետք է ինքնակամ լուծում ունենա համայնքների կողմից:

Նախարարը կարևորեց համայնքապետերի կողմից նախաձեռնողականության դրսևորումը: «Մենք այլևս համայնքին սուբվենցիա, օժանդակություն և այլ միջոցներ տրամադրելու ենք՝ նայելով, թե տվյալ համայնքն ինչպիսի նախաձեռնություններ է ցուցաբերում: Եթե համայնքը չունի նախաձեռնություն, չունի տեսլական, չի ուզում քաղաքացիների համար ծառայություններ մատուցել, բնականաբար, մենք էլ ֆինանսավորում չենք ապահովի: Մենք սկսել ենք այդ պրոցեսը, մենք միջոցներ ունենք, որոնք ուղղվելու են համայնքներ, եթե համայնքը նախաձեռնություն է ցուցաբերում: Չի լինելու մեզ մոտ այն հին մեխանիզմը, որով մենք մտածել ենք, որ կգա մի պաշտոնյա, մենք կխնդրենք, որ մեր մանկապարտեզի համար գումար տա, և այլն: Բոլորդ առաջիկայում, մարզպետների մասնակցությամբ, կառավարությունում ներկայացնելու եք որոշակի խնդիրներ, մենք պետք է հասկանանք ձեր մասնակցությունն այդ խնդիրներին և անպայման օժանդակելու ենք ձեզ»,-ասաց նա:

Լոքյանի խոսքով՝ երբ ուսումնասիրել և համեմատել են 10 նույնատիպ համայնքների ծախսերը, պարզել են, որ, օրինակ, ծայրամասային համայնքի մանկապարտեզը մոտ երկու անգամ ավելի մեծ ծախս ունի, քան Երևանում գործող մանկապարտեզը` 1 երեխայի հաշվով:

«Երկու նմանատիպ քաղաքներ, որոնք բնակչության թվով տարբերվում են 1000-ով ոչ ավելի, մի քաղաքում աղբահանության գումարները 5 անգամ ավելի մեծ են, քան մյուսինը: Մի՞թե սա ինքնավարություն կամ ժողովրդավարություն է: Բոլոր համայնքներում ասում են` մեր համայնքներին չմոտենաք, մենք ինքնավար մարմիններ ենք, ժողովրդավարությունը թույլ չի տալիս, Եվրոպական խարտիայի անդամ ենք, մոնիտորինգի մեջ ենք և այլն… Սակայն չպետք է մոռանանք, որ մենք այնպիսի երկիր չենք, որ ամեն ինչ հեշտությամբ կարողանանք շռայլել»,- ասաց նա` միևնույն ժամանակ նշելով, որ ինքը կողմնակից չէ վարչարարությանը: