| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ-ում գործող կարտոֆիլագործների միությունների, հասարակական կազմակերպությունների, խոշոր արտադրողների և ներմուծողների մասնակցությամբ` քննարկելու մեր երկրում կարտոֆիլագործության ճյուղի ընթացիկ խնդիրներն ու զարգացման հեռանկարները: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Կարտոֆիլագործությունը Հայաստանի գյուղատնտեսության առավել կայացած ուղղություններից մեկն է, և ձեզ հետ նախաձեռնած այս հանդիպումը նպատակ ունի համատեղ քննարկել այսօր ճյուղի հետագա զարգացմանը խոչընդոտող խնդիրները, արտահանման ծավալների վերականգնման հնարավորությունները, հասկանալու համար, թե պետությունն ինչով կարող է աջակցել և օկտակար լինել, որպեսզի պարենային ապահովության տեսանկյունից կարևոր այս ոլորտն ինչպես հարկն է զարգանա, մասնավորապես բարձրանա բերքատվությունը, իջնի ինքնարժեքը և մենք ունենանք մրցունակ արտադրանք»,- նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Կարևորելով պետություն-մասնավոր հատված փոխգործակցության շրջանակում նման ձևաչափով հանդիպումների հաճախակի կազմակերպումը` ներկաները շեշտել են, որ ոլորտն իրապես կարելի է համարել կայացած. շուկան ձևավորված է, բացակայում են մենաշնորհները: Որպես խոչընդոտող խնդիրներ` բարձրացվել են մասնավորապես շրջանառու միջոցների սղության, իրացման, մեխանիզացիայի մաշվածության ու բացակայության, սորտաթարմացման, տնկանյութի սուբիսդավորման, որպես «Վերին Լարսին» այլընտրանք` պետության կողմից  «Փոթի» նավահանգստում լաստանավի վարձակալման և այլ հարցեր:
Նախարարը հայտնել է, որ շուտով կմեկնարկի գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգային ծրագիրը, որը հնարավորություն կընձեռի անհամեմատ մատչելի պայմաններով տեխնիկա գնել:
Հանդիպման ընթացքում կարտոֆիլագործներն անդրադարձել են նաև համակցված պարարտանյութերի կիրառմանը և նշել, որ դա առավել արդյունավետ է, քան   ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի առանձին օգտագործումը, սակայն դրա ձեռքբերումը փոքր քանակներով բավականին թանկ է և ոչ նպատակահարմար: Նախարարն առաջարկել է համատեղ քննարկել, ձևավորել հստակ պահանջարկ, ներկայացնել Գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի բանակցեն արտադրողի հետ և աջակցեն կարտոֆիլագործներին հնարավորինս մատչելի պայմաններով  և մեծ խմբաքանակով ձեռք բերել  պարարտանյութը:
Իգնատի Առաքելյանը,  անդրադառնալով կարտոֆիլի արտահանմանը, նշել է, որ  նախարարության մասնագետները կուսումնասիրեն կարտոֆիլ ներկրող երկրների շուկաները, առկա գնային քաղաքականությունն ու սորտերը, կկազմեն կարտոֆիլի արտահանման զարգացմանը միտված ծրագիր և կներկայացնեն ներկաներին:
Խորհրդակցության մասնակիցները պայմանավորվել են առաջիկայում դարձյալ հանդիպել` բարձրացված խնդիրների շուրջ հետագա անելիքները քննարկելու նպատակով: