կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-30 21:49
Տնտեսական

Գյուղնախարարությունում քննարկվել են ժամկետանց թունաքիմիկատների կառավարման հարցը

Գյուղնախարարությունում քննարկվել են ժամկետանց թունաքիմիկատների կառավարման հարցը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանում  ժամկետանց թունաքիմիկատների կառավարման խնդիրների քննարկմանը:Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը,  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, Կայուն օրգանական աղտոտիչների ոչնչացման ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբեկյանը, այլ պաշտոնատար անձինք:

 Հանդիպման սկզբում Իշխան Կարապետյանը  ներկայացրել է ոլորտի ներկա վիճակն ու առկա խնդիրները: Այնուհետև որոշվել է խիստ վերահսկողություն սահմանել թունաքիմիկատների իրացման կետերի, ինչպես նաև  ժամկետանց պարարտանյութերի պահեստավորման, պահպանման, ախտահանման և ոչնչացման գործընթացների  վրա:

 Բացի այդ, որոշվել է նաև կանոնակարգել թունաքիմիկատների ձեռքբերումը, վաճառքը և օգտահանումը, ինչպես նաև ժամկետանց թունաքիմիկատների փաթեթավորմանն առնչվող հարցերը: Խորհրդակցության մասնակիցները պայմանավորվել են համապարփակ ուսումնասիրել առկա բոլոր խնդիրները:

 Խնդրին օպերատիվ լուծում տալու նպատակով ձևավորվել  է աշխատանքային խումբ, որը մեկնելու է   Արարատի տարածաշրջանում տեղակայված պահեստներից մեկը` դիտարկելու  արդյոք կարողությունները բավարար են ժամկետանց թունաքիմիկատներն այնտեղ ժամանակավորապես տեղափոխելու և պահպանելու համար:  

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին