Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնում կադրերի ջարդ է սկսվել. հայտնում է «ԷկոԼուրը»:
Տնօրեն Աշոտ Փափազյանն արդեն զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է գրել: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ալավերդյանը: Նույն կայքի տվյալներով` փոխտնօրեն Արա Մեջլումյանին գյուղնախարար Սերգո Կարապետյանի անունից նույնպես ասել են, որ նա հրաժարականի դիմում ներկայացնի:
ՀԿ-ներն արդեն իրենց անհանգստությունն են արտահայտել անօրինական անտառահատումներին հետեւող պրոֆեսիոնալ կադրերին աշխատանքից ազատելու կապակցությամբ: Նրանք դիմել են Հայաստանի կանաչների միության նախագահ, Անտառային պետական մոնիտորինգի խորհրդի անդամ Հակոբ Սանասարյանին, որ նա իրենց կարծիքը ներկայացնի Խորհրդի ղեկավար, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին:
Նամակում, մասնավորապես, ասված է. «Գյուղատնտեսության նախարարն իր համար հանկարծ որոշել է, որ իր կառավարման ներքո գտնվող` բազում խնդիրներ ու պրոբլեմներ ունեցող անտառային ոլորտում նման փորձառու, բանիմաց մասնագետ ընդհանրապես պետք չէ: Ավելին, մենք համոզված ենք, որ այս երևույթը ուղղակիորեն կապված է Ա. Մեջլումյանի մասնագիտական գործունեության հետ, որը հանգիստ չի տալիս շատերին»:
Նշենք, որ թեեւ անտառային մոնիտորինգի կենտրոնը գտնվում է գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ, այնուամենայնիվ, հրապարակել է անտառային սեկտորի վերաբերյալ տվյալներ, որոնք սկզբունքորեն տարբերվում էին գյուղատնտեսության նախարարության ներկայացրած տվյալներից: Այս կապակցությամբ հարց է առաջանում, թե որքանո՞վ է օրինաչափ Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնի ենթարկվելը գյուղատնտեսության նախարարությանը, երբ նախարարությունը մի ձեռքով ղեկավարում է անտառը, մյուսով`ստուգում: