Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Ազգային ժողովի 5 խմբակցությունների մշակած՝ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծը եկող շաբաթվա սկզբին կսկսի քննարկումը ԱԺ-ում՝ Պետաիրավական հանձնաժողովի նիստում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը։
«Օրինագիծը շրջանառության մեջ է դրված, մյուս շաբաթ կմտնի հանձնաժողով, և ամենայն հավանականությամբ, փետրվարի կեսերին կքննարկվի առաջին ընթերցմամբ։ Առ այս պահն, ինչքան տեղյակ եմ, առանձին առաջարկություններ չեն եղել»,-ասաց Վահրամ Բալայանը։
Նա օրինագծի առանցքային նպատակներից է համարում այն, որ դրանով պետք է կարգավորվեն 1991-94 թթ, 2016թ և 2020 թ-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի, դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու, քաղաքացու իրավունքների, ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ու պահպանության հետ կապված հարաբերությունները։
«Խնդիրը հետևյալն է․ Արցախի իրավական կարգավիճակը պետք է ճշտվի։ Իսկ իրավական կարգավիճակի ճշտումը նաև ենթադրում է համապատասխան գործողություններ, այսինքն, դա տեսլական է, որի շուրջ պետք է համախմբվեն քաղաքական ուժերը, հայությունը համախմբվի և փորձի իր տեսլականը իրականություն դարձնել»,-ասաց Վահրամ Բալայանը։
Նա նշեց, որ այս ամենը պետք է օրենսդիրը ներկայացնի հասարակությանը, համաշխարհային հանրությանը, միջնորդ երկրներին՝ նորից շեշտելով, որ Արցախյան հիմնահարցը կարգավոման անհրաժեշտություն ունի։
«Սա քաղաքական մեսիջ է՝ նաև հղված աշխարհին, որը թույլ կտա, որպեսզի հարցի շուրջ քննարկումներ լինեն, որոշումներ կայացվեն, որովհետև հարցն այսպես կոնսերվացված վիճակում պահելը հղի է նոր վտանգներով, այսինքն, հակամարտության նոր թեժացմամբ և դրանից բխող բացասական հետևանքներով։ Կարծում եմ, աշխարհի համար ցանկալի կլինի, որ տարածաշրջանում հանգստություն տիրի, խաղաղություն տիրի, բոլորիս համար դա ձեռնտու է, պատերազմը ոչ մեկին լավ բան չի բերում»,-նշեց պատգամավորը։
«Արցախի օկուպացված տարածքների մասին» օրինագծի նպատակը Արցախյան հարցի՝ որոշակի կարգավորման հունի մեջ դրվելն է՝ ասաց Վահրամ Բալայանը։
Աննա Բալյան