կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-15 20:35
Իրավական

ՀՀ զինվորական դատախազի լռությունը երեքուկես տարեկան է

ՀՀ զինվորական դատախազի լռությունը երեքուկես տարեկան է

Շուրջ երկու ամիս է` Yerkir.am-ը փորձում է կապ հաստատել երկրի զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանի հետ՝ 2016թ.-ին զինդատախազության կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաև բանակում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ հանրությանը հուզող կարևորագույն հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով, սակայն` ապարդյուն:

Երեկ հայտնի դարձավ, որ Արտավազդ Հարությունյանը խոսել է` ամփոփել է 2016-ին կատարված աշխատանքները, բայց` փակ խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությանը, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, կայազորների զինվորական դատախազները, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և ռազմական ոստիկանության պատասխանատուները:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է 2016-ի ընթացքում զինված ուժերում արձանագրված` մահվան ելքով դեպքերին, սակայն դրանց ցուցանիշի վերաբերյալ որևէ վիճակագրական տվյալներ չեն հրապարակվել:

Որևէ տեղեկություն չի հրապարակվել նաև այն մասին, թե, օրինակ, 2016-ին բանակում կատարված սպանությունների կամ ինքնասպանությունների ցուցանիշը նվազե՞լ է, թե՞ ոչ, ի՞նչ աշխատանքներ են տարվել զինված ուժերում հանցավորության կանխարգելման ուղղությամբ և այլն:

Այս և այլ կարևորագույն հարցերի պատասխաններ ցանկալի կլիներ լսել հենց երկրի զինվորական դատախազից` մարդուց, որի ղեկավարած գերատեսչությանը վերապահված է զինված ուժերում օրինականության պահպանման, հանցագործությունների դեմ պայքարի, պետական շահերի պաշտպանության, զինծառայողների իրավունքների պաշտպանության և այլ կարևորագույն լիազորություններ:

Բանակում տեղի ունեցած և մինչ օրս չբացահայտված շատ հանցագործությունների մասին պետք է խոսի հենց ինքը՝ Արտավազդ Հարությունյանը: Չէ՞ որ, ի վերջո, նա էլ է պատասխանատու բանակում տեղի ունեցող դեպքերի բացահայտման կապակցությամբ հանրության շրջանում ձևավորված անվստահության մթնոլորտի համար:

Երկրի զինվորական դատախազը պետք է պատասխանի, թե, օրինակ, ինչո՞ւ է հաճախ միջանձնային հարաբերություններով պայմանավորված մահացության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում մեղադրանք առաջադրվում հենց շարքային զինծառայողներին: Կամ` բանակում ինքնասպանության հասցնելու դեպքերն ուսումնասիրելիս, երբ պարզվում են դրանց պատճառները, արդյո՞ք մշակվում են դրանց կանխարգելմանն ուղղված մեխանիզմներ: Եթե` այո, ի՞նչ մեխանիզմներ է առաջարկում դատախազությունը:

Զինդատախազին ուղղվելիք հարցերի շրջանակը լայն է, իսկ զինվորական հանցագործությունների ցուցանիշը՝ անմխիթար, միայն թե զինդատախազը կա'մ խուսափում է լրագրողների հետ շփումներից, կա'մ էլ անցանկալի հարցերից է վախենում: Արտավազդ Հարությունյանն իր պաշտոնավարման ընթացքում երբևէ առանձին ասուլիս կամ հարցազրույց չի տվել, իսկ գլխավոր դատախազի ասուլիսների ժամանակ, հանրապետությունում արձանագրված հանցագործությունների ֆոնին, նրան պարզապես «հերթ չի հասել»` անդրադառնալու բանակին վերաբերող հարցերին:

Իսկ այն, որ բանակում տեղի ունեցող դեպքերն առանձին քննարկման առարկա են, փաստ է, ավելին` տարիներ առաջ նման դեպքերի ցուցանիշը լրագրողներին ներկայացնելու պրակտիկա դատախազությունում ձևավորված էր Ցավոք, վերջին անգամ զինդատախազության կատարած աշխատանքն ամփոփած և բանակում տեղի ունեցած հանցագործությունների մասին վիճակագրական տվյալներ ներկայացրած զինդատախազը եղել է Գևորգ Կոստանյանը, այն էլ` 2012-ին:

2013 թ. նոյեմբերի 6-ից ՀՀ զինվորական դատախազի պաշտոնը զբաղեցնող Արտավազդ Հարությունյանը, հավանաբար, ասելիք չունի:

Թագուհի Մելքոնյան