կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-29 19:24
Հասարակություն

Երեքուկես տարում բանակում մահացել է 144 զինվոր. պատերազմում զոհվածների տվյալները դեռ լրացվում են

Երեքուկես տարում բանակում մահացել է 144 զինվոր. պատերազմում զոհվածների տվյալները դեռ լրացվում են

Վերջին երեքուկես տարում բանակում արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված 144 մահվան դեպք, որից միայն 86–ը՝ 2020–ի ընթացքում և 2021–ի ութ ամիսներին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան դատախազությունից ստացված տվյալները։ Նշենք, որ ներկայացված ցուցանիշում ներառած չեն 2020թ. պատերազմական գործողությունների ընթացքում արձանագրված մահվան դեպքերը։

Այսպես.

2018 թվականի ընթացքում արձանագրվել է 38 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ, 1-ը՝ սպանություն, 11-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով տեղի ունեցած դեպքեր, 3-ը՝ հիվանդությունների հետևանքով մահվան դեպքեր, 2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտումներ, 1-ը՝ ականի պայթյուն,  3-ը՝ դժբախտ պատահարներ, 2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտումներ։ 

2019 թվականի ընթացքում արձանագրվել է 20 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից 4-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ, 4-ը՝ սպանություն, 7-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթար, 1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով տեղի ունեցած դեպք, 1-ը՝ հիվանդության հետևանքով մահվան դեպք,  2-ը՝ դժբախտ պատահարներ։

2020 թվականի ընթացքում արձանագրվել է 60 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից 22-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (ընդ որում 5-ը վիրավորումը ստացել են 44-օրյա պատերազմի ժամանակ), 4-ը՝ սպանություն, 13-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 7-ը՝ ծառայության հետ կապված ավտովթար, 3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով տեղի ունեցած դեպքեր, 5-ը՝ հիվանդության հետևանքով մահվան դեպքեր, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման դեպք, 1-ը՝ ականի պայթյուն, 4-ը՝ դժբախտ պատահարներ։

2021 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 26 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից 9-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (ընդ որում 2-ը վիրավորումը ստացել են 44-օրյա պատերազմի ժամանակ), 3-ը՝ սպանություն, 4-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր,  4-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով տեղի ունեցած դեպք, 2-ը՝ հիվանդության հետևանքով մահվան դեպքեր, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման դեպք, 2-ը՝ դժբախտ պատահարներ։

Նկատենք, որ վերջին երեքուկես տարում բանակում ծառայության հետ կապված մահվան դեպքերի թիվը նվազել է 2019–ին, ապա 2020–ին՝ կտրուկ աճել։ Ընդ որում՝ 2020–ին աճել է ոչ միայն հակառակորդի կողմից կատարված սպանությունների, այլև ինքնասպանությունների և ինքնասպանության հասցնելու, ավտովթարների, հիվանդության հետևանքով մահվան, ինչպես նաև դժբախտ պատահարների հետևանքով մահվան դեպքերի թիվը։ Իսկ ինչ վերաբերվում է 2020–ի սեպտեմբերի 27–ից նոյեմբերի 9–ն ընկած  ժամանակահատվածում զոհված զինծառայողների տվյալներին, դատախազությունից տեղեկացրել են, որ այդ մասով ներկայումս վերջնական տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ զոհված զինծառայողների տվյալները պարբերաբար լրացվում են։

Աղբյուրը՝  NEWS.am