Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ բացարձակապես դժվար չի լինելու համագործակցել մի մարդու հետ (Սեյրան Օհանյանի), որին ընդամենը մեկ տարի առաջ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը սուր քննադատության էր ենթարկում, անգամ՝ պահանջում նրա հրաժարականը:
Հիշեցնենք` 2015 թվականի հուլիսի 12-ին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան»-ի հրավիրած հերթական հանրահավաքի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին, հայտարարեց. «Մեծ ցավով զեկուցում եմ, որ նա ևս մասնակցել է պետական հանցագործությանը, քանի որ հայկական բանակի զինվորներին ուղղորդված ուղարկել է մասնակցել հանրաքվեին: Ցավում եմ, ուզում եմ լաց լինել, որ Սեյրան Օհանյանը ևս մասնակցել է այս կեղծ իրադարձություններին: Ես պահանջում եմ Սեյրան Օհանյանի հրաժարականը»:
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս են համագործակցելու մի մարդու հետ, որին անխնա քննարդատության էր ենթարկում Րաֆֆի Հովհաննիսյանը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա պարոն Հովհաննիսյանի և «Ժառանգություն» կուսակցության միակ նպատակը երկրի շահն է, իսկ այս պահին դա նշանակում է ազատվել երկրի իշխանություններից և գնալ արմատական բարեփոխումների: Մեղադրանքներ բոլորի հասցեին էլ մենք հնչեցրել ենք, բայց երբ խնդիր կա, մենք խնդրի շուրջ համագործակցում ենք, մենք ոչ թե մարդկանց հետ ենք համագործակցում, այլ խնդրի շուրջ»:
Անդրադառնալով Սեյրան Օհանյանի՝ իշխանություններին ուղղված քննադատությանը՝ նա նշեց. «Սեյրան Օհանյանը ոչ թե սկսել է քննադատել, այլ Սեյրան Օհանյանն էլ է հասկանում, թե ինչ իրավիճակ է երկրում և փորձում է այն փոփոխել, և մեր համագործակցությունը շատ նորմալ է»:
Սույն թվականի փետրվարի 12-ին կայացած` «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստից հետո որոշում ընդունվեց, որ կուսակցությունը համագործակցելու է Օհանյան-Օսկանյան դաշինքի հետ: