կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-01 16:35
Հասարակություն

Հաշվի չի առնում, որ բանակի դեմքն ենք ներկայացնելու. 72 աշակերտ «Փոքր Մհեր»-ի տնօրենի հրաժարականն է պահանջում

Տնօրենն անբարո բառեր է օգտագործում, իրենց արժանապատվությունն ու ինքնասիրությունը վիրավորում` հաշվի չառնելով, որ իրենք վաղվա մեր բանակի դեմքն ենք ներկայացնելու. ասում են «Փոքր Մհեր» կրթահամալիրի աշակերտները` բողոքելով ընդդեմ տնօրենի` Վահագն Յաղմուրյանի: 72 աշակերտի ստորագրությամբ նամակ է արդեն ուղարկվել ՀՀ ԿԳՆ` տնօրենին աշխատանքից ազատելու պահանջով: Ի դեպ, տնօրենն ընդամենը 1 ամիս է, ինչ աշխատանքի է անցել կրթահամալիրում:

Կրթահամալիրի աշակերտներից Գևորգ Խաչատրյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տնօրենն իրենց հետ խոսելիս բառեր է օգտագործում, որոնք  իրենք հիմա անգամ չեն կարող բարձրաձայնել, քանի որ դա վայել չէ իրենց: «Նա կարծես պատճառ է փնտրում, որ մեզ պատժի ու զրկի հանգստյան օրերին տուն գնալու հնարավորությունից: Օրինակ` մի օր կեսգիշերին եկել էր ստուգման և, աշակերտներից մեկին ոտքի վրա տեսնելով, զրկել բոլորիս տուն գնալու հնարավորությունից` չընդունելով պատճառաբանությունը, որ սպան տեղյակ է եղել, թե ինչու է աշակերտը ոտքի վրա, իսկ աշակերտն ընդամենը պետքարան էր գնում: Եվ սա դեռ ամենը չէ, ընդամենը մի դրվագ ներկայացրի»,- ասաց նա:

Մեկ այլ աշակերտ` Վարդան Դալլաքյանը, նշեց, որ իրենք շատ տնօրեններ են ունեցել, բայց ոչ ոք նման կերպ իրենց հետ չի վարվել: «Մեզ վիրավորում է, մեր արժանապատվությունը գետնին հավասարեցնում, բայց մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը մեզ հետ նման կերպ վարվի: Մենք արդեն ասել ենք` կա՛մ մենք դուրս ենք գալիս, կա՛մ նա, այլընտրանք չկա»,- ասաց աշակերտը:

Կրթահամալիրի դաստիարակչական գծով փոխտնօրեն Ջուլիետա Եղոյանն էլ նշեց, որ երեխաների բողոքի պատճառը մեկն է` նոր տնօրենը խիստ է, կարգուկանոն է սիրում, ինչն էլ դուր չի եկել աշակերտներին: «Մենք ողջ անձնակազմով կանգնած ենք տնօրենի թիկունքին, քանի որ բողոքի որևէ պատճառ չենք տեսնում: Ասեմ նաև, որ յուրաքանչյուր նոր տնօրենի սովորելու համար ինչ-որ ժամանակ է պետք լինում, և երեխաները, սովորաբար, մի փոքր դժվար են փոփոխությանը հարմարվում, բայց հույս ունեմ, որ այս անգամ էլ ամեն ինչ կհարթվի»,- նշեց նա:

Աշակերտները, սակայն, մարտական են տրամադրված: Վաղը խնդրի առնչությամբ ԿԳՆ-ում արտահերթ դռնփակ նիստ է լինելու, և աշակերտներն ասում են, որ եթե տնօրենին չհեռացնեն աշխատանքից, իրենք` 72 հոգով, կլքեն կրթահամալիրը:

Մանրամասները` տեսանյութում: