Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոնսերվատորիայում որոշ դասախոսներ Կոմիտասի անունը դրել են «հակավիրուս»՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝ պարզաբանելով․ «Այն մարդը, որը կոմիտասյան երաժշտությանը ծանոթ է, չի կարող ընդունել, ընկալել, մարմինը թույլ չի տա, որ նա ռաբիսի հետևից ընկնի․ այդպես էլ մեր եկեղեցին է»։
«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը դադարեցնելու մտադրությունը, «Հայոց պատմությունն» ու «Հայոց լեզուն» բուհերում ոչ պարտադիր դարձնելը, Մետրոյի տարածքում ազգային արժեքներին հակասող բեմադրությունը առաջացրեց ազգային մտածողություն ունեցողների հակազդեցությունը։ Հակոբ Ավետիքյանը սա բնական է համարում․ «Դա մեր իմունային զգացողությունը մերժում է, ուղեղից առաջ մեր ներքին զգացողությունն է դրան հակադրվում, պաշտպանողական պատվար ենք ստեղծում դրանց դեմ՝ սորոսականները կլինեն, թե այլ տարրեր, ամբողջը մենք մերժում ենք»։
Նա իշխանության, կառավարության, ԱԺ-ի կազմում տեսնում է ուժեր, որոնք հստակորեն աշխատում են ազգային արժեքները ցրելու, եթե ոչ՝ չեզոքացնելու ուղղությամբ։
«Անկախ այն բանից՝ քրիստոնյա ես, թե աթեիստ, հայ եկեղեցու պատմությանը պետք է տեղյակ լինես։ Սա կրոնից դուրս՝ մեր ամենակայուն ազգային կառույցն է, որը երբեք չի ընդհատվել։ Գիտակցումը տանում է նրան, որ եթե որևէ բան մեր ազգային գլխավոր կառույցի շահերին վնասելու նպատակ է հետապնդում, ինքնըստինքյան հայ մարդու մեջ առաջանում է ընդվզում։ Անկախ այն բանից՝ քրիստոնեական կյանքով ենք ապրում, թե ոչ, հավատում ենք, թե ասում՝ Աստված չկա, ոչ մի բան էլ չկա, բայց եկեղեցին կա, որովհետև դա մեկ այլ՝ մեզ ներշնչող, դաստիարակող, պահող, պահպանող օղակ է»,-ասաց Հակոբ Ավետիքյանը։
Այս հարցում հայերը եզակի չեն՝ նկատեց նա և բերեց Հունաստանի, Սերբիայի, Կիպրոսի, նաև հարևան Վրաստանի օրինակը․ Վրաստանը մեզանից շատ ավելի առաջ գնաց դեպի եվրաինտեգրում, բայց եկեղեցուց չտարանջատվեց․ «Մեր պարագայում նույնն է՝ դա պաշտպանիչ բան է՝ ազգի իմունիտետը, արթուն պահողը»։
Այս ամենը նկատի ունենալով՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելուն Հակոբ Ավետիքյանը համաձայն չէ՝ մեկ պարզ պատճառաբանությամբ․ «Որովհետև ես չգիտեմ, թե նրան ով կհաջորդի, գուցե ավելի «բեթարը»՝ ինչպես ասում են»։
Արայիկ Հարությունյանը ձախավեր շատ-շատ գործեր է արել՝ արձանագրեց Հակոբ Ավետիքյանը՝ իբրև օրինակ բերելով հանրակրթական դպրոցները, որտեղ անելիքները շատ են․ «Շատ հոսանքներ են մուտք գործել և շիվար է մնացել մեր կրթական համակարգը, ուսուցիչներն ու ծնողները»։
Երկիրը զարգացնելու համար, նրա համոզմամբ, տուրիզմը պետք է զարգացնել․ այս նպատակով ցանկացած այլ երկիր նախ՝ մշակույթն է զարգացնում, այսինքն՝ Մշակույթի նախարարությունն էլ առանձին մի ամբողջություն է։
Այս առումով՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և Սփյուռքի ոլորտները մեկ գերատեսչությունում միավորելը Հակոբ Ավետիքյանը սարսափելի վատ բան է համարում․ «Խայտառակ որոշում էր մեկ մարդու ձեռքին կենտրոնացնել այդ ամենը․ ֆիզիկապես էլ հնարավոր չէ։ Բացի այդ, մեկ մարդու իշխանությունը միշտ էլ վատ է՝ եթե ձախողեց, ամբողջ երկիրն է ձախողում․ սա պետական կառավարման գիտության մեջ հիմնական կետերից է»։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, այդ թվում՝ Կրթություն և այլնի նախարարությունը, Ավետիքյանի դիտարկմամբ, ամեն ինչ անում է վերջից սկսելով․ «Փոխանակ միջնակարգ դպրոցների համակարգը զարգացնելու, գրագետ շրջանավարտներ ունենալու, սկսում են վերջից՝ համալսարաններից։ Թող համալսարաններն իրենք որոշեն։ Եթե ուզում եք մի բան առաջարկել, ի սեր Աստծո, ունեք Ակադեմիա, իրենց տվեք առաջարկները, որ քննարկեն և մեզ տան լավագույն լուծումները, որ բազմակարծությունը զարգացնենք»։
Բազմակարծություն ապահովելու և կրթական հաստատությունները ապաքաղաքականացնելու՝ Փաշինյանի հռչակած սկզբունքները Ավետիքյանը իրականացած չի տեսնում․ «Քաղաքական է նաև սորոսականությունը, որ մուտք է գործել այնտեղ․ Սորոս ձյաձյան ի՞նչ է անում այնտեղ, մեզ համար ուշքը գնո՞ւմ է։ Իզուր չէ Թրամփը նրան կոչում «ահաբեկիչ»։ Նրա սանիկները ոնց որ աղանդավորներ լինեն, մուտք են գործել՝ ի՞նչ են անում․․․ կրծում են էստեղ-էնտեղից։ Հետո ինչպիսի՜ ինքնագոհ ձևով՝ մենք հաջողեցինք․ ի՞նչը հաջողեցիք»։
Իբրև պետական մտածողության և պետական կառավարման հմտության օրինակ Հակոբ Ավետիքյանը մեջբերեց իր բնակության թաղամասի՝ Նորք-Մարաշի թաղապետարանի աշխատակցի կեցվածքը․ աղբահանության տագնապի օրերին իրենց մոտ ոչ մի անգամ ոչ մի աղբարկղ առանց դատարկվելու չի մնացել, քանի որ այդ աշխատակիցը «Սանիթեկի» պատասխանատուին կանչել է և ասել՝ թաղապետարանը քեզ կանոնավոր վճարում է, պարտականությունդ կատարիր։
«Պետությունը այսպես է կառավարվում՝ խոսում է, բանակցում է․․․ պետք չէ անպայման պայթուցիկ գցել, որից հետո հրճվես»,-նկատեց Հակոբ Ավետիքյանն ու հավելեց․ «Հիմա հրճվանքի մեջ է երևի Արայիկ Հարությունյանը, որովհետև մազոխիզմի ինչ-որ տարրեր կան նրա մոտ՝ գալիս են, իր հրաժարականն են պահանջում, ինքն էլ հրճվում է»։
Երբ Արայիկ Հարությունյանն ասում էր, որ «դրսի» դաշնակցականներն իրեն լավ են ընդունում, իսկ «ներսինները» « անդաստիարակ» են, Հակոբ Ավետիքյանի խոսքով, նախ պետք է իմանար, որ արտասահմանում ավանդական կուսակցությունները գրանցված չեն իբրև կուսակցություն․ «Եթե դու դա չես հասկանում, նշանակում է Սփյուռքի մասին գաղափար չունես»։
Սփյուռքի հետ միայն հանձնակատարի մակարդակով հարաբերություններ կառուցելը ևս, նրա համոզմամբ լուրջ չէ, մանավանդ որ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը Զարեհ Սինանյանն է․ «Դժվար է ինչ-որ հանձնակատարով, որը ոչ մի փորձառություն չունի, բացի Գլենդելի մեջ «ճարպիկ տղա» լինելուց, ես չեմ այդ որակումը տալիս՝ Գլենդելի հայ համայնքի շատ ներկայացուցիչներ ասում են՝ «ճարպիկ տղա» է։ Է, ճարպիկությամբ բան չես կարող անել, այստեղ ուրիշ հատկանիշներ են պետք և պետական մոտեցում»։
Ավետիքյանի համար անհասկանալի է նաև պետության գումարները գերատեսչությունների մամուլի քարտուղարների հաստիքների վրա փոշիացնելը, եթե վարչապետն ինքը ամեն գիշեր քնելուց առաջ սելֆի է անում և խոսում երկրի համար կարևոր հարցերից․ «Լավ է պիժամայով դուրս չի գալիս»։
Parole, Parole, Parole… միայն խոսքեր են գործերի փոխարեն՝ ընդգծեց նա ու տարակուսեց․ «Մանավանդ այս մթնոլորտում, երբ մեկ ու կես տարի է՝ Հայաստանում գլխավորը փողոցն է դարձել։ Եթե փողոցն է կարևորվում, մարդիկ էլ փողոց են իջնում՝ «Եթե քամի ցանես, կհնձես փոթորիկ»»։
Աննա Բալյան
Առավել մանրամասն՝ տեսանյութում․