Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի վարորդներ եւ նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ պահանջում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը։
«Այն կոլապսի համար, որում հայտնվել է տրանսպորտի ոլորտը` թե' հասարակական տրանսպորտի եւ թե' տաքսիների առումով, մենք գտնում ենք, որ պատասխանատվությունը կրում է տրանսպորտի նախարարությունը, հիմնական պատասխանատուն տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է»,- հայտարարեց «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանը:
Ուշագրավ է, որ նա թեեւ Երեւանի քաղաքապետարանի, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի մեղքի բաժինն էլ է տեսնում Երեւանում հասարարական տրանսպորտի հետ կապված խնդիրների մեջ, բայց, միեւնույն է, հիմնական մեղավոր համարում են տրանսպորտի նախարարին:
Դոստուրյանը տեղեկացրեց, որ հասարարական տրանսպորտն աշխատում է 2001թ.-ի հայեցակարգով: Համայնքները` լինի Երեւանը, թե Հայաստանի այլ քաղաք, ըստ նրա, կիրառում են կառավարության այս որոշումը: Լրագրողների դիտարկմանը, որ Երեւան քաղաքի հասարարական տրանսպորտի սակագնային քաղաքականությունը տրանսպորտի եւ կապի նախարարությունը չի որոշում, անհասկանալի է Բեգլարյանի հրաժարականի պահանջը, ինչո՞ւ չեն պահանջում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, Գեւորգ Դոստուրյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ Տարոն Մարգարյանը ոչինչ անել չի կարող, եւ որ Երեւանի քաղաքապետարանն աշխատում է կառավարության 2001թ.-ի հաստատած հայեցակարգով:
Լրագրողների մեկ այլ դիտարկմանն էլ, թե 2001թ.-ին Բեգլարյանը նախարար չէր, կամ եթե կառավարությունն է հաստատել, գուցե պահանջեն վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ասուլիսի բանախոսները գրեթե նույն պատասխանն էին տալիս` մեղավորը Բեգլարյանն է:
«Վարչապետն ասել ա` ես ի՞նչ գործ ունեմ, շատ ճիշտ էլ ասել ա, ես ինչի՞ վարչապետի հրաժարականը պահանջեմ»,- հայտարարեց Դոստուրյանը:
«Ավտովարորդների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը եւս հայտարարեց, որ ստեղծված քաոսային իրավիճակի համար պատասխանատուն նախարարությունն է, որն առաջ քաշեց դեղին, սպիտակ համարանիշները, հիմա էլ տեսախցիկներ եւ կարմիր գծերն են ի հայտ եկել։ Թե ինչ կապ ունի տեսախցիկների եւ կարմիր գծերի հետ տրանսպորտի նախարարությունը, բանախոսները չհստակեցրեցին:
«Տարոն Մարգարյանն ընդհանրապես օրենք չի կարող փոխել, ամեն ինչի պատասխանատուն Գագիկ Բեգլարյանն է»,- եւս մեկ անգամ հայտարարեց Տիգրան Հովհաննիսյանը:
Լրագրողները Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք արդարացված է ներքաղաքային տրանսպորտի համար պահանջել տրանսպորտի եւ կապի նախարարի հրաժարականը, ինքը ե՞ւս պահանջում է Բեգլարյանի հրաժարականը, Պողոսյանը հայտարարեց. «Ես Բեգլարյանի մասին չեմ խոսում, ես պահանջում եմ Հռոմի պապի հրաժարականը»: Նա էլ հայտարարեց, որ խնդիրների մեղավորը ճանապարհային ոստիկանությունն է, Երեւանի ավագանին: