կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-04 18:09
Քաղաքական

Իմ Հայաստանն ավելիին է արժանի․ Արսինե Խանջյանի բաց նամակը Սփյուռքին

Իմ Հայաստանն ավելիին է արժանի․ Արսինե Խանջյանի բաց նամակը Սփյուռքին

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը բաց նամակ է հղել Սփյուռքի անհատներին և կառույցներին՝ կոչ անելով որպես դիտորդներ ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանում 2017թ․ գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում և նպաստել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը։

 Արսինե Խանջյանի նամակից մի հատված ստորեւ.

Ինչպե՞ս կարող է Սփյուռքը ուղղակիորեն և արդյունավետ մասնակցել Հայաստանում սոցիալական և քաղաքական ներկապնակի դրական փոփոխություններին:

Դրա արդյունավետ ճանապարհը մարդու իրավունքների, քաղաքացիական իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությունն է: Սփյուռքի անհատների և կազմակերպությունների անկախ կամավորների պարզ քայլը կլինի այցը Հայաստան 2017թ․ գարնանը՝ խրախուսելու և վերահսկելու երկրում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացումը։

Տեղում ներգրավվածությունը՝ ի աջակցություն մեր հայրենակիցների, պետք է լինի յուրաքանչյուր հայի և աշխարհում հայկական կառույցների առաջնահերթությունը՝ Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ ապահովելու համար:

Բոլոր մասնակիցները պետք է լինեն անկուսակցական դիտորդներ, որոնք կմասնակցեն իրենց հաշվին և որոնց միակ շահագրգռվածությունն ու պարտավորությունը կլինի վերահսկել ընտրական գործընթացը՝ քվեատուփերի մեջ քվեաթերթիկներ գցելուց մինչև ձայների հաշվարկ և ընտրատեղամասերի փակում: Սա ուղղակի և կառուցողական ներգրավվածություն է, որը կարող է նպաստել ընտրակեղծարարության վերացմանը:

Դիտորդների դերը, որոնք աշխատելու են Հայաստանի հասարակական կազմակերպությունների, հակակոռուպցիոն կառույցների հետ, կենսական և հրամայական նշանակություն ունի գործընթացում: Այս դիտորները լինելու են ժողովրդավարության բանակներ, որոնք միանալու են գործին ի սկզբանե մասնակցած և նախորդ ընտրություններից փորձ, գիտելիք և իմաստնություն ձեռք բերած տեղական խմբերին:

Խորհրդարանական ընտրություններից առաջ կարևոր այս ամիսներին հանրապետությունով մեկ ընտրողները պետք է մանրամասն իրազեկվեն թափանցիկ ընտրական գործընթացում իրենց մասնակցության կարևորության մասին: Նրանց պետք է խրախուսել, որ իմանան իրենց իրավունքների և սեփական ձայնով ընտրության արդյունքի վրա ազդելու հնարավորության մասին: Նրանց պետք է տալ հավատը, որ քաղաքացիական այդ պարտավորությունը կարող է և պետք է իրականացվի առանց կաշառքի և վախի՝ իրենց իրավունքների լիակատար հարգանքով:

Անօտարելի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը սերտորեն կապված է երկարաժամկետ և կայուն զարգացման հետ: Դա գործնական և առաջին վճռորոշ քայլն է Հայաստանում իրական ժողովրդավարության հասնելու ճանապարհին:

Սփյուռքի ղեկավար գործիչները, գիտնականներն ու ակտիվիստները և, հատկապես, արևմտյան ժողովրդավարական երկրներում ապրողները, կարող են օգնել դասընթացների կազմակերպման և գիտելիքների փոխանցման հարցում՝ ազատ և արդար ընտրություններ ապահովելու համար: Նրանք կարող են կարևոր դեր խաղալ իրենց ներկայիս բնակության երկրների՝ օրենքի գերակայությունը խթանող լավագույն փորձը Հայաստանին փոխանցելու հարցում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մյուս կողմից, ղեկավար շրջանակների համար նախընտրելի այն կետն է, որտեղից կարելի է սկսել  ժողովրդավարության պաշտպանությունը՝ որպես բարի կամքի դրսևորում: Այդկերպ նրանք ընտրողների հետ վստահության կառուցմանը միտված քայլ կկատարեն՝ համոզելով, որ ընտրողի ձայնը չի գողացվի, և այն կարող է իսկապես օգնել առկա համակարգում հիմնարար փոփոխություն իրականացնելու հարցում:

2017թ․ գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները Հայաստանի իշխանությունների համար վերջնական հնարավորություն է կատարելու առաջին և վերափոխմանը միտված ազնիվ քայլերը և արդյունավետ անցկացնելու թափանցիկ ընտրություններ։ Իշխանավորները կարող են և պետք է ձեռնպահ մնան մանիպուլյացիաներից և ոչ ժողովրդավարական ընթացակարգերից, որոնք կարող են հանգեցնել ընտրությունների արդյունքների կեղծմանը: Հայաստանի Հանրապետությունը մասնակից է բազմաթիվ կոնվենցիաների և պայմանագրերի, որոնք ամրագրում են ժողովրդավարական ընթացակարգերին նրա հանձնառությունը: Հայաստանի Հանրապետությունը իր ստորագրած միջազգային պայմանագրերով պարտավորված է անցկացնել ազատ և արդար ընտրություններ:

Այս գործընթացում որպես մասնակից ներգրավվելու միջոցով է, որ Սփյուռքը կարող է և կօգնի Հայաստանի՝ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք կառավարությանը վաստակելու լեգիտիմություն և հարգանք ինչպես իր քաղաքացիների, այնպես էլ միջազգային հանրության կողմից:

Մյուս կողմից, թափանցիկ ընտրական գործընթացը քաղաքացիներին կդարձնի իրավատեր և նրանց կտա ժողովրդավարական գործընթացների սեփականատիրոջ զգացում: Դա նրանց կտա նաև ապագայի հանդեպ հույս և այլընտրանք ներկայիս անհեռանկարությանը:

Սփյուռքը այլևս չպետք է անտեսի չարիքները, որ անգործության արդյունքն են: Մենք երբեք չենք կարող ասել՝ մենք տեղյակ չէինք: Մենք երբեք չենք կարող ասել, որ մեր հավաքական ապագայի կառուցման այս ժամանակատվածում մասնակցություն ցուցաբերելու հնարավորություն չենք ունեցել:

Վերջում Արսինե Խանջյանը գրում է՝ Իմ Հայաստանն ավելիին է արժանի: