կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-23 12:25
Տարածաշրջան

Ապրիլի 23-ը նրանց համար տոն է, մեզ համար՝ սուգ. Արսինե Խանջյանի նամակը՝ թուրք ժողովրդին

Ապրիլի 23-ը նրանց համար տոն է, մեզ համար՝ սուգ. Արսինե Խանջյանի նամակը՝ թուրք ժողովրդին

Արսինե Խանջյանը ևս Պոլսում տպագրվող հայկական «Ակօս»-ի միջոցով  նամակ է հղել թուրք ժողովրդին:

 

Նամակը՝ ստորև:

 

Ուղիղ մեկ տարի առաջ էր՝ ապրիլին:

 

Պոլսում էի և թուրք բարեկամուհիս՝ Ճ. Մ.-ն, ասել էր, թե օսմանյան շրջանի հայ գրող Զաբել Եսայանի «Ավերակների մեջ» գրքից մի հոդված է ընթերցելու  ռադիոյի իր հայտագրում: Ընթերցումը լինելու էր ի հիշատակ 1.5 միլիոն հայերի, որոնք նահատակվել էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ թուրքական կառավարության ձեռքով:

 

Հաշտեցման միտումով բարեկամուհիս առաջարկեց, որ իմ ժողովրդի ոտնակոխված պատմության այդ  բաժինները երկուսով ընթերցենք՝ հայերեն և թուրքերեն` ամեն մեկն իր մայրենի լեզվով:

 

Երբ քայլում էինք դեպի ռադիոընկերություն, նկատեցի, որ քաղաքն առավել էր զարդարված թուրքական դրոշներով: Թուրք բարեկամուհիս բացատրեց, որ ապրիլի 23-ը կարևոր տոն է, որ կոչվում է «Ազգային ինքնիշխանության և երեխաների օր»: Այս առիթով երեխաները մեկ օրով զբաղեցնում են Ազգային խորհրդի նստարանները ու խորհրդանշական ձևով կառավարում երկիրը:

 

Երբ հասանք տեղ, մեզանից առաջ ներս էին մտնում 8-10 տարեկան երեխաներ՝ իրենց ուսուցիչների ընկերակցությամբ: Դա մի դպրոցական այցելություն էր՝ նշելու իրենց հատկացված օրը: Նրանց ծիծաղը վարակիչ էր և աչքերը՝ հրճվանքով լի: Ճ.-ն և ես հեռացանք նրանցից եւ տեղավորվեցինք ձայնային պատասխանատուի առջև` տաղավարում: Շուտով սկսեցինք ընթերցել Եսայանի պատմածքները Ադանայի` 1909-ի ջարդերի մասին:

 

Ես տարված էի` այս աղետալի ու ահավոր պատկերների հեռարձակմանը հետևող անծանոթ ունկնդիրների հետ իմ փորձառությունը կիսելով: Իմ ժողովրդի և նախնիների պատմության սարսափելի մանրամասնությունները նշելու ժամանակ փորձում էի զսպել զգացմունքներս: Երբ Ճ-ն սկսեց արտասանել այդ տողը՝ «տեսա մայրեր, որոնք խեղդել էին իրենց մանուկներին, որպեսզի նրանց ձայները չբացահայտեն ընտանիքի թաքնված վայրերը», երեխաների խումբը լուռ մտավ մյուս սենյակ՝ հետևելու մեր ձայնագրությանը: Ճ-ին մի պահ նայեցի, խառնվել էր և անհանգիստ էր նստարանի վրա: Սարսափել էր, թե` հիմա նրանք ինչե՞ր են լսելու: Ճ-ն նայեց ինձ, նայեց երեխաներին ու կանգ առավ:

 

Աստծուց միշտ շնորհակալ եմ լինելու այս բարեգութ պահի համար: Բայց ցնցված էի՝ նկատելով, թե այդ անմեղ երեխաները միշտ կրելու են հայերի դեմ արվածի բեռը, և ապագա սերունդը պիտի ժառանգի իրենց նախնիների արարքների ավանդը:

 

Այս երեխաների մի մասը շառավիղներն էին այն հանցագործների, անտարբերների կամ այդ պատմությունը ժխտողների, որ ոչնչացրել էին իմ նախնիների երեխաների կյանքը:

 

Ոչ մի ծնող, ոչ մի դաստիարակ, ոչ մի կառավարություն չի կարող պաշտպանության իրավունք պահանջել, երբ քարոզում է մերժում, նենգություն, ապատեղեկատվություն և կեղծիք: Ոչ ոք իրավունք չունի տգիտություն և խավար տարածել հանուն ազգայնական և ցեղային գաղափարների: Դժվար է լինելու այդ երեխաների համար, քանի որ նրանց փրկությունը, ազատությունը և արժանապատվությունը կարելի է վերականգնել միայն անցյալի հետ հաշտված ապագայում: Մի անցյալի, որ անխղճորեն ժառանգվել է նրանց նախնիների կողմից՝ երկար ժամանակ անհետացած:

 

Մեծ հայրս՝ Արիստակեսը, ծնվել էր Էրզրումում: 1915-ին, երբ հինգ տարեկան էր, իր փոքրիկ ծնկերի վրա կրել էր հայրիկի գլուխը՝ գլխատված իր իսկ աչքերի առջև՝ մի թուրք զինվորի ձեռքով: Հետագայում նրա զավակները կոչվել էին ընտանիքի ոչնչացված անդամների անուննեով՝ Մարի՝ մոր, Գրիգոր՝ հոր, Նշան՝ եղբոր և Զաբել՝ քրոջ անուններով: Զաբելը մայրս էր:

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի