Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-02-02 17:10
Հասարակություն

Քառօրյա պատերազմի մասնակից 475 ուսանողի ուսման վարձն արդեն իսկ զեղչվել է

Քառօրյա պատերազմի մասնակից 475 ուսանողի ուսման վարձն արդեն իսկ զեղչվել է

Օրերս մի շարք զինծառայողներ իրենց բողոքն էին ներկայացրել` ասելով, որ զորացրվելու ժամանակ իրենց զինգրքույկում սպիտակ ներկով ջնջվել է հատվածն այն մասին, որ իրենք ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել են մարտական գործողություններին: Զինծառայողները նշում էին, որ հնարավոր է` ուսման վարձի զեղչի պատճառով է նման բան արվում:

Yerkir.am-ին ԿԳՆ-ից հայտնեցին, որ բանակից զորացրված ուսանողները, ովքեր  2016 թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի` առնվազն 50 տոկոս զեղչ: Վարձավճարի զեղչման համար հիմք է հանդիսացել զինգրքույկում  մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումը:

«2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 475 ուսանողների համար կատարվել է վերոնշյալ զեղչը: Որպես կանոն՝ բուհերը ուսման վարձի զեղչերի կիրառման ժամանակ սահմանում են նաև միջին որակական գնահատականի՝  ՄՈԳ-ի նվազագույն շեմ ապահովելու պահանջ: Այս պահանջը, սակայն, ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա չի տարածվել, և նրանք ուսման վարձի զեղչից օգտվել են: Նշեմ նաև, որ բուհերում ուսման վարձավճարի զեղչերն արվում են ըստ կիսամյակների: Երկրորդ կիսամյակի արդյունքները կամփոփվեն մինչև ապրիլ»,- տեղեկացրեցին ԿԳՆ-ից:

Հասարակայնության հետ բաժնից նշեցին նաև, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ  օրենքի համաձայն՝ այն ուսանողները, ովքեր իրականացրել են մարտական հերթապահություն (նրանք զինգրքույկում պետք է  ունենան մարտական հերթապահության մասին գրառում և  համապատախան կնիք) ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ՝ ըստ ՄՈԳ-ի. «Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից և ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները ուսման վարձի զեղչից օգտվելու համար պետք է դիմեն բարձրագույն ուսումնական հաստատություն»: