կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-13 14:05
Հասարակություն

Բարձր առաջադիմություն ունեցող և ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը մասնակի կփոխհատուցվի

Բարձր առաջադիմություն ունեցող և ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը մասնակի կփոխհատուցվի

Կառավարությունը կրթության և գիտության նախարարությանը կհատկացնի 50 միլիոն դրամ՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող 112 ուսանողի, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի (ապրիլի 2-6-ը ) մասնակից  649 ուսանողի ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով:

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ, ըստ նախնական հաշվարկների, թվով 23 բուհի 761 ուսանողի ուսման վարձերը (միջինը՝ 449 հազար դրամ) կզեղչվեն 20%-ով, ինչի դեպքում պահանջվող գումարը կազմում է 68 մլն 588 հազար դրամ: Այս նախագծով նախատեսվում է այդ նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրել 50 միլիոն դրամ, իսկ մնացած մասը հիմնադրամը կհատկացնի իր միջոցների հաշվին: 

«Մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որոնցով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների հետագա ուսումնառության համար որևէ սպառնալիք չգոյանա, բայց իսկապես դրանք պետք է լինեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ, ինչը նաև խթան կհանդիսանա կրթության առավել բարձր պահանջ ձևավորելու համար»,- իր հերթին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ Կենտրոնական բանկի հետ աշխատում են, որպեսզի ուսանողական վարկերի տոկոսները նվազեն: