կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-03 14:12
Հասարակություն

Զինվորականները ոչ մի թիզ հող չեն տալու. քառօրյա պատերազմի մասնակից

Զինվորականները ոչ մի թիզ հող չեն տալու. քառօրյա պատերազմի մասնակից

Միայն ապրիլյան պատերազմը չէ, որ մեզ մոտ ինչ-որ բան պետք է փոխի. այսօր լրագրողներին ասաց քառօրյա պատերազմում վիրավորում ստացած Հայկ Սեխիլյանը:

«Մինչև ապրիլն էլ, ապրիլից հետո էլ անընդհատ կրակոցներ լինում են, զոհեր էլ ենք ունենում, բայց մենք մեր հայ ժողովրդին ենք պաշտպանում: Դա մեզ պարտավորեցնում է, որ թույլ չտանք, որ նրանք մեր սահմաններին մոտ գան: Մեր ամեն զինվորի կորուստը մեզ համար ցավալի է»,- ասաց Հայկը:

Դանիել Դավթյանն էլ նշեց, որ ամեն կորուստ էլ ցավալի է: «Այս պատերազմն էլ անիմաստ է: Հիմա խոսում են, չէ՞, որ պետք է հողեր հետ տան: Սա ինձ բարկացնում է, ինչո՞ւ պետք է նման բան ասեն, ինչո՞ւ մեր տղաները զոհվեցին, իսկ իրենք որոշում են, որ Արցախի մի որոշ հատված հետ տան»,- վրդովմունքով ասաց նա:

Yerkir. am-ի հարցին` իրենք, որպես Արցախում վիրավորում ստացածներ, դե՞մ են հողեր հետ տալուն և ի՞նչ կանեն այդ դեպքում, Հայկը պատասխանեց. «Ճիշտ է, թղթերով` առաջին կարգի հաշմանդամ եմ, բայց ինքս ինձ այդպես չեմ ընդունում, այդպես չէ, որ եթե մարդը հաշմանդամ է, չի կարող պատերազմի մասնակցել կամ զինվորներին այլ կերպ օգնել: Եթե մենք այսօր վիրավորվել ենք, պետությունն էլ այդքան էլ ուշադրություն չի դարձնում, դա չի նշանակում, որ հաջորդ անգամ կարիք լինելու դեպքում չենք մասնակցելու: Մեր բոլոր վիրավոր տղաների անունից էլ կարող եմ ասել, որ բոլորն էլ պատրաստ են, մի մարդու նման կանգնած են, եթե նման բան լինի»:

Նա նշեց, որ բոլոր ուժերն ու ռեսուրսները ներդնելու են, որպեսզի հող չհանձնվի` ոչ մի թիզ հող: «Պետությունը եթե կորոշի հող հանձնել, դա պետության խնդիրն է, իսկ զինվորականները ոչ մի թիզ հող չեն տալու, ամեն ինչ անելու ենք, որ այդ հողերը չհանձնվեն, դեռ իրենց մոտ եղած մեր հողերն էլ հետ վերադարձվեն»,- ասաց Հայկը: