Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քառօրյա պատերազմում վիրավորված զինվորականներ Դանիել Դավթյանը և Հայկ Սեխիլյանն այսօր լրագրողներին պատմեցին` ինչ վիրավորում են ստացել և ինչ աջակցություն կա պետության կողմից:
Հայկ Սեխիլյանը քառօրյա պատերազմում վիրավորվել է ականի պայթունից, ողնաշարի վնասվածք է: «Կորցրել էի ոտքերիս զգացողությունն ու շարժը: Բժիշկների օգնությամբ սկսել եմ վերականգնվել, կամաց-կամաց քայլել»,- ասաց նա:
Հայկը նշեց, որ իր բուժման համար Հայաստանում ամեն ինչ արվում է, և եթե չստացվի այստեղ վերականգվել, նոր միայն կուղարկեն արտերկիր: Հայկն ասաց, որ բուժման ծախսերի մի մասը հոգում է պետությունը, մի մասը` բարերարները:
Նա պատմեց, որ իր պարագայում որոշում եղել է, որ պետք է գնա արտերկիր` բուժումը ստանալու, քանի որ Հայաստանում բացակայում են համապատասխան բուժսարքավորումները: Հայկը շեշտեց, որ հայ բժիշկները, մասնագետները շատ լավն են, և միայն բուժսարքավորումների խնդիր է:
Դանիել Ավետիսյանն էլ քառօրյա պատերազմի ժամանակ բեկորային վնասվածքներ է ստացել մարմնի և գլխի հատվածում, որի պատճառով ունի ձախակողմյան թուլություն և աչքերի ձգվածություն:
«Հիմա գտնվում եմ վերականգնողական փուլում, կամաց-կամաց դեպի լավն եմ գնում: Խոսակցություններ կային, որ ես էլ պետք է արտասահման գնամ, բայց չստացվեց, ասացին, որ այստեղ ավելի լավ կարող են բուժել, բայց կարիքը կա` ուղեղիս վրա երկու բեկոր կա, պետք է հետազոտություններ անցկացնեն, տեսնեն` կկարողանա՞ն այդ բեկորները հանել»,- ասաց Դանիելը:
Տղաները բուժօգնությունը շարունակում են ստանալ առաջին համալսարանական հիվանդանոցի զինհաշմանդամների կենտրոնում: Նրանք նշում են, որ պետությունն իրենց աջակցում է` բուժման ծախսերը հոգալով, և թոշակ են ստանում, նաև բարերարներն են հոգում իրենց բուժման ծախսերը:
«Այսօր ես պետությունից ոչ մի բան չեմ սպասում, ես չեմ գնացել կռիվ, որ պետությունն ինձ օգնի կամ ինչ-որ բան ինձ տա, մեր միակ խնդրանքն այն է, որ ժամանակին այդ սպասվելիք վիրահատություններն արվեն»,- ասաց Հայկը:
Իրենց զբաղվածության մասին հարցերին անդրադառնալով` Հայկը նշեց, որ իր պարագան ուրիշ է, որ ինքը եղել է պայմանագրային զինծառայող և այժմ էլ իրեն հրամանատարության ջանքերով պահել են ծառայության մեջ, ապա ասաց, որ կցանկանար բոլորի հանդեպ այդպես ուշադիր լինեին:
Իսկ Դանեիլը նշեց, որ ժամկետային զինծառայող է եղել, իսկ այժմ չի կարող ընդհանրապես աշխատել, քանի որ չի կարողանում ընդհանրապես շարժել ձախ ձեռքը, բացի այդ` իրեն թույլ էլ չեն տալիս որևէ բան անել, քանի որ դեռ պետք է բուժվի, առաջնայինը դա է:
Նշենք, որ Հայկը վիրավորում է ստացել Թալիշում, իսկ Դանիելը` Մատաղիսում: Հայկը պայմանագրային զինծառայող է եղել, իսկ Դանիելը` 23 ամսվա, մեկ ամսից պետք է զորացրվեր: