կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-31 12:20
Քաղաքական

«Ես իմ գերագույն հրամանատարին սիրում, հարգում եմ». Արարատի մարզի գյուղապետերը հրաժարական չեն ուզում տալ

«Ես իմ գերագույն հրամանատարին սիրում, հարգում եմ». Արարատի մարզի գյուղապետերը հրաժարական չեն ուզում տալ

Այսօր պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել  Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Ըստ մամուլի տեղեկությունների` իրենց պաշտոններից կհրաժարվեն նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմ համայնքապետերը, խոսքը Նորաշենի, Դիտակի, Մխչյանի, Արևշատի համայնքների մասին է:

Yerkir.am-ի հետ զրույցում Դիտակի գյուղապետարանի ներկայացուցիչը հերքեց այդ տեղեկությունը` ասելով, որ Դիտակի համայնքապետը մտադիր չէ հրաժարական ներկայացնել, և որ տեղեկությունները սուտ են: Հրաժարականի մասին լուրը հերքեցին նաև Նորաշեն, Արևշատ համայնքների ղեկավարները: Մխչյանի համայնքապետը համառորեն էր պատասխանում հեռախոսազանգերին:

Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանը նշեց. «Ինչո՞ւ պետք է հրաժարական տամ: Ես անկուսակցական մարդ եմ, ժողովրդի կողմից ընտրված: Ես իմ գերագույն հրամանատարին սիրում, հարգում եմ, որոշումները հարգում եմ, որտեղ իմ գերագույն հրամանատարի կարծիքը, այնտեղ էլ` մենք»:

Հարցին, թե ինչո՞ւ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, Նորայր Գրիգորյանը պատասխանեց. «Հնարավոր է` հիվանդ էր, հնարավոր է` ժամանակավոր հրաժարական տվեց»:

Արևշատի համայնքի ղեկավար Գոգոլ Նիկոլյանը նշեց. «Անհնարին է, որ ես հրաժարական տամ, ինչո՞ւ պետք է հրաժարական տամ: Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, մնալու եմ որպես Հանրապետական կուսակցության անդամ»: