|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արարատի մարզի Մխչյան, Բյուրավան, Նշանավան գյուղերի համայնքապետերը լքում են ՀՀԿ-ն: Այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Բյուրավան համայնքի ղեկավար Գեղամ Հովակիմյանը, ով 5 տարի է` Հանրապետական կուսակցության անդամ էր:
Պատճառների մասին նա ասաց, որ ճիշտ է, ինքը բոլոր հանրապետականներին հարգում է, նրանց դեմ ոչինչ չունի, բայց իր բարեկամները, ընկերները, հարազատ մարդիկ վայր են դրել ՀՀԿ անդամատոմսերը, ինքն էլ որոշեց լքել ՀՀԿ-ն:
«Ես չեմ կարա հիմա ժողովրդի մեջ աշխատեմ ու ասեմ, որ ձայն պետք է տաք ՀՀԿ-ին: Ես Մխչյան գյուղի հարևանությամբ գտնվող գյուղի ղեկավարն եմ, բայց ոնց որ մեր գյուղերը մի համայնք լինեն. Մխչյանի համայնքապետը լքեց ՀՀԿ-ն, ես էլ ուզում եմ հակասությունների մեջ չմտեմ, հանգիստ ինձ համար աշխատեմ»,- ասաց Գեղամ Հովակիմյանը:
Հարցին, թե արդյո՞ք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին բարեկամ է, մտերիմ, ասաց, որ ոչ թե կարող է փաստել մտերիմ հարաբերությունների մասին, այլ կարող է փաստել, որ երկար տարիներ աշխատել են միասին: Նա ափսոսանք ու զարմանք հայտնեց, թե ինչ է կատարվում Հովիկ Աբրահամյանի հետ կապված զարգացումներում, նշեց, թե լավ կլիներ, որ առանց լարվածության շարունակեին աշխատել այնպես, ինչպես նախկինում էր, և ստիպված չլինեին լքել ՀՀԿ-ն, թեև իրենց վրա որևէ հոգեբանական կամ այլ տեսակի ճնշումներ չեն եղել:
«Հնարավո՞ր է` համայնքապետի պաշտոնն էլ թողնեն» հարցին Գեղամ Հովակիմյանը պատասխանեց, որ այս պահին ՀՀԿ-ն են լքել, իսկ պաշտոնը դժվար թե թողնեն: