կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-23 16:37
Հասարակություն

Գյուղապետերը ելք չեն տեսնում. վարունգի բերքը պետք է փչանա

Գյուղապետերը ելք չեն տեսնում. վարունգի բերքը պետք է փչանա

Մի քանի օր է` մամուլն աղաղակում է այն մասին, որ Արմավիրի մարզի գյուղացիները չեն կարողանում իրացնել վարունգի բերքը, որն ամեն օչ տոննաներով փչանում է: Մինչ այս պահը խնդիրը չի լուծվել, կառավարությունը լուծման որևէ տարբերակ չի առաջարկել:

Մինչ պատասխանատուները լռում են կամ չգիտեն` ինչ անել, Արմավիրի մարզում վարունգը շարունակում է փչանալ` ամեն գյուղում օրական մոտ 30 տոննա: Գյուղացիները, որոնց մեծ մասը վարկեր ունի վերցրած, հուսահատության մեջ են, քանի որ հայտնվել են անելանելի վիճակում:

Yerkir.am-ը խնդրի վերաբերյալ փորձեց զրուցել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ: Վարունգի բերքի վերաբերյալ հարցը լսելուց հետո նա բորբոքվեց: «Գրավոր դիմեք, 5-օրյա ժամկետում կպատասխանենք»,- ասաց ու անջատեց հեռախոսը:

Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքի գյուղապետ Մանվել Մկրտչյանը նշեց, որ խնդիրը չի լուծվել, և բերքը շարունակում է փչանալ: Ասաց, որ գյուղացիներն անգամ պատրաստ են 30 դրամով վաճառել, բայց գնող չկա: Մանվել Մկրտչյանի խոսքով` իրենք տեղյակ են պահել Արմավիրի մարզպետարանին, սակայն մինչև հիմա ոչ մի պատասխանատու  ո\'չ եկել է համայնք, ո\'չ էլ որևէ լուծում առաջարկել գյուղացիներին:

«Ոչ մի ակնկալիք էլ չունենք, որ այդ խնդիրը կլուծվի: Գյուղացիները չեն կարողանում իրացնել վարունգի բերքը, տոննաներով այն փչանում է: Տանեմ, ցույց տամ դաշտերը. մարդիկ հավաքում են ու էդպես թողնում, փչանում է: Չեն էլ տեղափոխում, որովհետև տեղափոխման համար բանվորին պիտի վճարեն»,- ասաց Ծաղկալանջի գյուղապետը:

Հարցին, թե ինչո՞ւ առաջացավ այդ խնդիրը, Մանվել Մկրտչյանը պատասխանեց, որ վարունգի բերքն այս տարի պահանջարկից շատ է եղել. անցյալ տարվա համեմատ` Ծաղկալանջում վարունգի բերքն ավելացել է 15 հեկտարով:

Ծաղկալանջի գյուղապետն անգամ առաջարկել է մշտական մթերողներին, որ վերցնեն վարունգը` առանց վճարելու, պայմանով, որ հետո վճարեն, բայց անգամ այդ տարբերակով չեն վերցնում` ասելով, որ իրենք էլ, որպես մթերող, չեն կարողանում իրացնել վարունգը: Նա նշեց, որ այս պահի դրությամբ փչացել է մոտ 30 տոննա վարունգ:

Գեղակերտի գյուղապետ Սերյոժա Առաքելյանը նույնպես հայտնեց, որ խնդրի լուծման հետ  կապված որևէ հույս չկա, որ օրական մոտ 30 տոննա վարունգ է փչանում: «Այս տարի գործարանները ընդհանրապես չեն մթերել վարունգ, որովհետև անցած տարվա մթերածը մնացել է, չեն կարողացել վաճառել: Ռուսական շուկան արդեն ձեռնտու չէ` ռուբլու արժեզրկման պատճառով»,- ասաց նա:

Մեր հարցին` ի՞նչ լուծում են տեսնում, Գեղակերտի գյուղապետը պատասխանեց. «Ոչ մի լուծում էլ չենք տեսնում, պիտի այդպես փչանա, տանենք, թափենք, տարբերակներ չկան: Ես առաջարկեցի գյուղնախարարի տեղակալներից մեկին, որ կառավարությունը սուբսիդավորի որոշակի գումար, ինչ-որ մի մեծ գործարան մթերի, պահածոյացնի, հետո ոնց էլ լինի, մի ճար կգտնվի: Բայց նա ասաց, որ կառավարությունը գումար չունի: Ասել են` համարեք, որ կարկուտ ա խփել»:

Yerkir.am-ի հետ զրույցում գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշեց, որ վարունգի բերքն իրացվելու է երկու ձևով` կա\'մ մթերման, կա\'մ շուկայում: Մթերման համար անհրաժեշտ են փոքր չափի վարունգներ, մթերողները նաև պահանջարկը չունեն վարունգի, անգամ` պլանավորածից ավելի են մթերել, և հիմա մնում է միայն տեղական շուկայում վաճառելը:

«Վրացիները նախորդ տարիներին գալիս էին, տանում այդ վարունգը, որից հետո մեր գյուղացիները սկսեցին ավելի շատ վարունգ աճեցնել: Հիմա վրացիները չեն գալիս, դրա համար էլ խնդիր է առաջացել: Մենք գյուղացիներին առաջարկել ենք`  լրացուցիչ տեղեր կտանք տոնավաճառներում` անվճար, թող գան վաճառեն իրենց ապրանքը: Եթե պետք է` կթողնենք մեքենաներով կկանգնեն: Մի քիչ վերավաճառողներից էժան թող դնեն ու վաճառեն»,- ասաց Ռոբերտ Մակարյանը: