կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-09 20:50
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատ էական է պետական ինստիտուտների ներդաշնակ համագործակցությունը. Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են նախագահական նստավայրում` Yerkir.am-ին հայտնում են ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի լրատվական ծառայություններից:

Նրանք քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները կարևորել են ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ որպես մեր երկրի զարգացման ընթացքի և տեսլականի շուրջ մտքերի փոխանակության արդյունավետ հարթակ:

Նախագահ Արմեն Սարգսյանը նկատել է, որ առավոտյան նույնպես հանդիպել են Եղեռնի հուշահամալիրի մոտ, որտեղ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ իրենց հարգանքի տուրքն են մատուցել ընդհանրապես բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին և խոսել նաև հայոց Մեծ եղեռնի գնահատման, վերագնահատման ուղղությունների մասին:

ՙՙՈւրախ եմ, որ այսօր երեկոյան մեր հերթական հանդիպումն ենք անցկացնում և, կարծում եմ, այն երկուստեք կարևոր է: Ուրախ կլինեմ՝ քննարկելու բոլոր հնարավոր խնդիրները, հարցերը, որոնք այսօր էական են և՛ մեր երկրի, և՛ մեր ժողովրդի համար, ինչպես նաև Ձեզնից լսել կառավարության հաջողությունների մասին, կամ եթե կան ինչ-որ ոլորտներ, որտեղ ես կարող եմ օգտակար լինել, ինչպես գիտեք, միշտ պատրաստ եմ՚՚,-ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծել է, որ իրենց աշխատանքային հանդիպումները կրում են պարբերական բնույթ. ՙՙՎերջին ամիսներին, կարծում եմ, և՛ Դուք, և՛ ես, բավական հագեցած օրակարգով ենք աշխատել, և շատ կարևոր է, որ այդ աշխատանքի արդյունքները կիսենք իրար հետ, որովհետև, կարծում եմ, ընդհանրապես կարևոր և հրատապ խնդիր է մեր երկրում պետական ինստիտուտների աշխատանքի ճիշտ համադրումը։ Այո՛, այսօր մենք Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ առավոտյան մեր հարգանքի տուրքը մատուցեցինք բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին, և քննարկեցինք այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար ոչ միայն պատմական փաստի և արդարության ճանաչման խնդիր է, այլև ցեղասպանությունների գլոբալ կանխարգելմանը մեր կարևոր ներդրումը։ Եվ, իհարկե, մենք նախկինում էլ ասել ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկում ենք նաև որպես Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչ։ Մենք այդ թեմայով խոսել ենք նախկինում և այսօր էլ կխոսենք՝ մեր հետագա անելիքները ճշգրտելու համար։ Նաև տարին է ավարտվում, շատ կարևոր է, որ մենք սկսենք արդեն ամփոփել, թե ինչ արդյունքներով ենք ամփոփում տարին։ Երկու-երեք օր առաջ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքն ընդունվեց, և ես արձանագրեցի, որ մենք բավական լավ տնտեսական ցուցանիշներով ենք տարին ամփոփում, ինչը մեզ համար կարևոր է՝ հաջորդ տարի առավել վստահ մուտք գործելու համար: Իհարկե, կարծում եմ, որ որպես տարվա ամփոփում՝ պետք է արձանագրենք նաև մեր աշխատանքի թերությունները, բացթողումները, դժվարությունները, որոնք իհարկե անխուսափելի են, բայց դա չի նշանակում, որ չպետք է դրանց վերացմանը և ավելի արդյունավետ աշխատանք ապահովելուն ուղղված քայլեր անենք՚՚։

Վարչապետն ուրախությամբ արձանագրել է, որ, իր բնորոշմամբ, Հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի միջև շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ձևավորված ու բավական լավ համագործակցություն կա. ՙՙԻհարկե, սա շատ ուրախալի փաստ է, մանավանդ՝ սահմանադրական նոր կառուցակարգերի տրամաբանության մեջ, և մյուս կողմից, այստեղ մեր պայմանավորվածությունն է՝ ամեն ինչ անել, որպեսզի այդ փոխգործակցությունն առավել արդյունավետ դառնա՚՚։

Նախագահ Արմեն Սարգսյանը համաձայնել է. ՙՙԻհարկե, այդպես է: Ուզում եմ երկրորդել Ձեզ՝ ասելով, որ մեր պետական ինստիտուտների համագործակցությունն անկյունաքարային է և շատ էական: Ինձ վերջերս հարցրեցին՝ երբ Ձեր նախագահական ժամանակաշրջանը ավարտվի, ի՞նչը կհամարեք Ձեր լավագույն ձեռքբերումը: Ասացի, որ իմ լավագույն ձեռքբերումը կհամարեմ այն, որ, դուրս գալով նախագահի պաշտոնից, վստահ լինեմ, որ նախագահական ինստիտուտն այս նոր՝ խորհրդարանական համակարգում կայացել է, ու ես հաջորդ նախագահին փոխանցելու եմ ինստիտուտ, որն ունի իր ավանդույթներն ու իր սեփական կշիռը, ունի կառավարության ու Ազգային ժողովի հետ աշխատելու և համագործակցելու ավանդույթ:

Ճիշտ եք, որ մեր պետության կայունության, զարգացման, անվտանգության հիմնական գործոններից մեկն այն է, որ մենք բոլորս միասին ներդաշնակ աշխատենք: Ձեզ հետ համաձայն եմ նաև այն մասով, որը վերաբերում է Եղեռնի ճանաչմանը: Եղեռնի ճանաչումը ինքնանպատակ չէ և ունի մի քանի իմաստ: Կարևորագույններից մեկը մեր ազգային անվտանգությունն է:

Տարեվերջ է, և պետք է ի մի բերել հաջողությունները, դժվարությունները, որոնք եղել են, կամ գուցե սխալները, ինչպես նաև՝ ծրագրել մյուս տարին: Շատ էական է, որ մյուս տարին լինի հաջող տարի: Այն շատ էական տարի է: Տարի է, որի ընթացքում մեր պետական կառույցների միջև համագործակցությունն ավելի կխորանա, մենք ավելի մեծ հաջողություններ կգրանցենք և ավելի վստահ կնայենք դեպի ապագա՚՚: