Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահող երկրներից 2-ը՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը մեկնաբանել են անցած դեկտեմբերին Ադրբեջանի պահանջով բելառուսական իրավապահների կողմից ռուս բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի ձերբակալմանը և Ադրբեջանին արտահանձնման հնարավորությանը: ԱՄՆ պետքարտուղարության ներկայաւցուցիչ Ջոն Քիրբին նշել է, որ չնայած խնդրի մասին պետք է խոսեն գործում ներգրավված երկրները, սակայն խոսքի ազատությունը բոլորի համար կարևոր է:
Ավելի կոշտ է արձագանքել պաշտոնական Մոսկվան: Երեկ ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Ռուսաստանը դեմ է լրագրողի կամ մասնավոր անձանց կողﬕց այս կամ այն տարածաշրջան, այս կամ այն տարածք այցելության քրեականացմանը: «Մենք դեմ ենք նաև նրան, որ այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիները արտահանձնվեն երրորդ երկիր»,-ասել է Լավրովը:
Լապշինի գործը միջազգային ընդգրկում ստացավ փաստացի այն բանից հետո, երբ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց ռուս բլոգերի կալանավորման դեմ բողոքի ակցիաներ սկսեցին: Դրան զուգահեռ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նամակ հղեց Բելառուսի, Ռուսաստանի իր կոլեգաներին՝ Լապշինի ձերբակալությունը որակելով մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների աղաղակող խախտում: Այսօր Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտնել է, որ նաև իր գրասենյակն է ակտիվորեն ներգրավվել հիմնահարցում՝ ներկայացնելով անհրաժեշտ իրավական հիմնավորումներ:
Որքանո՞վ այս միջոցառումները կարող է ազդել Մինսկի որոշումների վրա, դժվար է ասել: Նկատի ունենալով Ադրբեջանին ցանկացած ձևով հաճոյանալու Բելառուսի նախագահի վերջին շրջանի վարքագիծը և անկանխատեսելիությունը, չի կարելի բացառել, որ այդ երկրի իրավապահները, այնուամենայնիվ, ռուս բլոգերին կարտահանձնեն Ադրբեջանին: Բաքուն նմանատիպ արտահանձնումներ կազմակերպելու փորձ ունի: 2012թ. կարողացավ միլիոնավոր դոլարներով կաշառել Հունգարիային՝ ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին երկիր վերադարձնելու համար: Ընդամենը մեկ մեդալից Ալիևի առջև հալումաշ լինող Լուկաշենկոյի հարցը լուծելն այս առումով նրա համար լուրջ խնդիր չէ: Առավել ևս, երբ Բելառուսի նախագահը գազամատակարարման սակագնի հարցում լուրջ տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ, և նրան շատ բնորոշ է սովետիզմի տրամաբանությամբ մարդկային ճակատագրերը դարձնել քինախնդրության կամ հարցեր լուծելու գործիք: Ամեն դեպքում արտահանձման հավանականությունը նաև Մոսկվան է մեծ համարում, ինչով պայմանավորված էր Լավրովի կոշտ արձագանքը այլ երկրների կողմից իր քաղաքացուն արտահանձելուն դեմ լինելու մասին հայտարարությունը, որը փասատցի Բելառուսին ուղղված յուրօրինակ բողոքի նոտա էր: Լավրովը Լուկաշենկոյին հասկացրեց, որ Լապշինի արտահանձնումը դիտարկելու է ոչ թե որպես Բելառուս-Ադրբեջան-Արցախ եռանկյունու տիրույթի, այլ որպես ռուս-բելառուսական հարաբերությունների հարց:
Այն միջազգային ընդգրկումը, որը ձեռք է բերում Լապշինի հնարավոր արտահանձնման հարցը, ներկա պահին ձեռնտու է Բաքվին: Վերջինս այդ կերպ փորձում է երկու հարց լուծել: Առաջին՝ ցույց տալ, թե ինչ վիճակում կարող են հայտնվել այլ երկրների բոլոր այն քաղաքացիները, որոնք կփորձեն առանց իր ձևական համաձայնությունն ստանալու այցելել Արցախ: Սա ահաբեկման քաղաքականություն է, որի վերջնանպատակն ամրապնդելն է այն գիտակցումը, թե Արցախը Ադրբեջանի մասն է: Երկրորդ՝ ցույց տալ սեփական ժողովրդին, որ կարող է հարցեր լուծել ցանկացած երկրորդ, երրորդ, առավելևս Հայաստանի հետ «դաշնակցող» երկրների միջոցով: Եթե նրան հաջողվի ստանալ Լապշինին, ապա դա կմատուցի որպես Ալիևի հերթական միջազգային տրիումֆալ հաղթանակը:
Այն դիրքավորումը, որն այս հարցում որդեգրել է Հայաստանը, թվում է միակ տրամաբանականը: Պաշտոնական մակարդակով Երևանն իրավիճակի է և Բելառուսի որոշումների վրա ազդելու որևէ լծակ չունի. Լապշինը Հայաստանի քաղաքացի չէ, իսկ Արցախն անկախ երկիր է, որն ազատ է օտարերկրացիներին իր տարածք ընդունելու կամ մուտքն արգելելու հարցում: Փոխարենը գործընթացները զարգացվում են այսպես կոչված «հասարակական դիվանագիտության» մակարդակով: Դժվար է հավատալ, որ Լապշինի շահերը պաշտպանելու և նրա ձերբակալության դեմ ուղղված ներքին ու արտաքին գործըթնացները տեղի են ունենում պետությունից անկախ: Համենայնդեպս թե՛ ԱՄՆ պետդեպի, և թե՛ ՌԴ ԱԳՆ-ի մակարդակով մեկնաբանությունների թիկունքից պաշտոնական Երևանի «ականջներն» են երևում:
Այլ հարց է, որ ավելի ագրեսիվ ու նախաձեռնողական լինելու անհրաժեշտություն կա: Երևանն աշխարհին և հատկապես Արցախի պոտենցիալ այցելուներին պետք է ցույց տա, որ պատրաստ է և ի վիճակի է պաշտպանել նրանց Բաքվի հալածանքներից: Հակառակ դեպքում Բաքվի ահաբեկումն իսկապես կարող է աշխատել: Մյուս կողմից չպետք է թույլ տալ, որ Բաքուն Արցախ այցելողների «սև ցուցակը» դարձնի Արցախը «յուրացնելու» գործիք: Եթե Երևանն ի սկզբանե որդեգրեր հնարավորինս մեծ թվով մարդկանց Արցախ «բերելու» ռազմավարություն՝ Ադրբեջանի համար բացարձակ անիմաստ կդառնար նման ցուցակ պահելը. ի վերջո հնարավոր չէ բոլորին դարձնել թշնամին և «persona non grata» Ադրբեջանում: Այստեղ բացթողում է թույլ տրվել, և հիմա դրա հետևանքների ականատեսն ենք:
Կարևոր է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները ստեղծված իրավիճակն անցկացնում են առաջին հերթին մարդու խոսքի և տեղաշարժի ազատության իրավունքի պրիզմայով: Նախ դա նշանակում է, որ նրանք հրաժարվում են ընդունել Արցախն անվերապահորեն մաս համարելու և այդպիսով բանակցային գործընթացն ուղղորդելու Բաքվի թելադրանքը: Դրա վկայությունն էր նաև ասուլիսի ընթացքում Լավրովի արած այն հայտարարությունը, թե արցախյան հարցը բոլորովին էլ միայն Ադրբեջանի ներքին թեման չէ: Երկրորդ՝ հմուտ մարտավարությունը կարող է «սև ցուցակը» հենց Բաքվի դեմ շրջել՝ ավելացնելով այդ երկրի բռնապետական էության էլեմենտները: Այն կարող է ցույց տալ, որ չբավարարվելով իր ժողովրդի ազատ կամարտահայտման և ազատ խոսքի իրավունքը խեղելով՝ ալիևյան դիկտատուրան այժմ ահաբեկման օբյեկտ է դարձնում արդեն այլ երկրների քաղաքացիներին: Պարզապխես պետք է ճիշտ օգտագործել իրավիճակը:
Գևորգ Դարբինյան