Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը տեղեկություն է տարածել, որում ասված է.
«Երեկ եւ այսօր «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ակտիվիստները շենքերի շքամուտքերին տեղադրված անվճար հայտարարությունների վահանակների վրա փակցրել են ապրիլի 9-ի Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած եւ Նոր Հայաստանի երդմնակալությանը նվիրված, Երեւանի քաղաքապետարանի կողմից արտոնված արարողության մասին ներկայացնող թռուցիկներ, որոնք սակայն րոպեներ անց պատռվել են անհայտ անձանց կողմից:
Սակայն այսօր երիտասարդ ակտիվիստներին հաջողվել է նկարահանել իրենց հետեւող ավտոմեքենայի պետհամարանիշները, իսկ րոպեներ անց հայտնաբերել, որ այս նույն մեքենան կայանվում է Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի մոտ, իսկ դրա ուղեւորները, ովքեր հենց թռուցիկները պատռողներն էին, մտնում են բաժանմունք:
«Ժառանգության» երիտասարդները այս պահին հանցագործության մասին հայտարարություն են տալիս ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում:
Մենք նաեւ ահազանգ ենք ստացել, որ մարզերում Ոստիկանության ստորաբաժանումների ներկայացուցիչները տուն առ տուն ահաբեկում են տեղի բնակչությանը՝ ետ պահելու համար մարդկանց ապրիլի 9-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին մասնակցելուց:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը պահանջում է ՀՀ Ոստիկանությունից պարզել, թե արդյոք իրոք նրա որոշ ներկայացուցիչներ ներքաշված են քրեածին, սեփական երկրի քաղաքացիների դեմ ուղղված գործողություններում եւ հաստատվելու դեպքում՝ անհապաղ պատասխանատվության ենթարկել հանցագործներին: Մենք գտնում ենք, որ ՀՀ Ոստիկանության պարտականությունն է ապահովել օրենքի տառը եւ ոչ թե իրականացնել իշխող կուսակցության եւ նրա ղեկավարի քաղաքական ընդդիմախոսների հետապնդումները»: