կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-14 18:17
Քաղաքական

Փայլանի ելույթը քննադատության են ենթարկել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամները

Փայլանի ելույթը քննադատության են ենթարկել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամները

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի Հայոց ցեղասպանության մասին ելույթը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները որակել են որպես «դավաճանություն և ստորություն»: 

Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարներից Նաջի Բոսթանջըն Կարոյի քայլը որակել է որպես «Մի ամբողջ կայսրության մեջքի ետևից հարված» և հավելել, որ «իրենք ոչ մի խնդիր չունեն Թուրքիայի հայ քաղաքացիների և արտերկրում բնակվող հայերի հետ» և որ «ոմանք ցեղասպանության մասին պնդումներով այստեղից և միջազգային ամբիոններից փորձում են ազգայնականություն զարգացնել»:

Փայլանի ելույթը քննադատության են ենթարկել նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության մի շարք անդամներ, քեմալականների խմբակցության ղեկավար Էնգին Ալթայը նշել է, որ իրենց կուսակցությունը խստորեն դատապարտում է ցեղասպանությունը եզրույթի բարձրաձայնումը Թուրքիայի Մեջլիսում: 


Իսկ ահա քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության Անկարայից ընտրված պատգամավոր Սուրրեյա Օնդերը, խուսափելով հստակ ձևակերպումներից նշել է, որ այն ժամանակաշրջանը, որի մասին խոսում է Փայլանը, Օսմանյան կայսրության ամենացավալի շրջանն է: 

Հիշեցնենք, որ Կարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել էր Հայոց ցեղասպանության հարցը: 

Հայ պատգամավորը, մասնավորապես, հայտարարել էր, որ 1913-1923 թվականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, հույներն ու հրեաները «մեծ կոտորածների և Ցեղասպանության հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել»:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորներն ընդհատել են նրա ելույթը` «դաշնակցականների ահաբեկչության» և «հայերի ապստամբությունների» մասին վանկարկումներով ու բոյկոտել նրա ելույթը՝ սեղաններին զարկելով:  

«Ցեղասպանություն» եզրույթի համար Կարո Փայլանին պատժել են` զրկելով առաջիկա 3 նիստերին մասնակցելու իրավունքից: Փայլանի խոսքերը հանվել են նիստի արձանագրություններից: