կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-13 18:35
Տնտեսական

«Պոլիտալի» ընկերությունն ունի 100-ից ավելի աշխատակից. նրանց մեծ մասը հայեր են․ Դուզիոնի

«Պոլիտալի» ընկերությունն ունի 100-ից ավելի աշխատակից. նրանց մեծ մասը հայեր են․ Դուզիոնի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 13-ին այցելեց իտալական «ՍՈՒԱՐԴԻ» ճանապարհաշինական ընկերության հայաստանյան մասնաճյուղ:

Ինչպես հայտնում են նախարարությունից, «ՍՈՒԱՐԴԻ»-ն Հայաստանում գործունեություն է ծավալում արդեն 4 տարի։ Երկու տարի առաջ էլ ստեղծվեց «Պոլիտալի» ընկերությունը, և Աբովյան քաղաքում կառուցվեց արտադրական թաղամաս, որտեղ գործում են իտալական տարբեր ընկերությունների արտադրամասեր: Այստեղ է տեղակայված ժամում 90 տոննա արտադրողականությամբ ասֆալտի գործարանը, սառեցված պիցցայի արտադրամասը, վարչական գրասենյակներ:

Նախարարը բարձր գնահատեց ընկերության կողմից տեղական հումքով և իտալական տեխնոլոգիաներով արտադրության կազմակերպումը:

«Ուրախ եմ տեսնել, որ իտալական ընկերությունը հաջողությամբ աշխատում է հայաստանյան շուկայում: Հուսով եմ, որ  «ՍՈՒԱՐԴԻ»-ն տարիների ընթացքում կմեծացնի իր գործունեության ծավալները և կավելացնի աշխատակիցների քանակը»,- ասաց նախարարը:


«Պոլիտալի» ընկերությունն ունի 100-ից ավելի աշխատակից: Նրանց մեծ մասը հայեր են: Ընկերության տնօրեն Ֆիլիպպո Դուզիոնին նշեց, որ լիարժեք հարմարվել են հայկական շուկայում, պատրաստվում են իրականացնել բազմաթիվ նոր նախագծեր: «Իտալացի գործարարների շրջանում մեծ հետաքրքրություն կա հայաստանյան շուկայի հանդեպ, և մենք էլ ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի տարբեր ոլորտներում մասնագիտացված մեծ ու փոքր ընկերություններ գան և ներդրումներ անեն այստեղ»,- նշեց Դուզիոնին:

«Պոլիտալի» ընկերության տարածքում է նաև Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի ներկայացուցչությունը, որը սերտ համագործակցում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարության աջակցությամբ Հայաստանում անցկացնելու ճանապարհաշինական կոնֆերանս, որի ընթացքում ոլորտի հայ և իտալացի մասնագետները հնարավորություն կունենան փոխանակվել փորձով և քննարկել մասնագիտական հարցեր:

Վահան Մարտիրոսյանը նաև վստահեցրեց, որ նախարարությունը պատրաստ է մշտապես աջակցել «Պոլիտալի» ընկերությանը և օտարերկրյա ներդրողներին: