| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
«Այ, էս խալին եմ սիրահարվել»,- պատմում է Նանուլի Կարախանյանը՝ ցույց տալով իր ամուսնու՝ Խորեն Կարախանյանի դեմքի խալը: 46 տարի միասին են: Ջավախքից Հայաստան տեղափոխված զույգը մինչև Նորքի տուն-ինտերնատում բնակվելը Երևանի Արաբկիր թաղամասում է ապրել: 
«Ինձ թաշկինակ ու փոքրիկ հայելի ուղարկեց. եթե չսիրեր, ինչի՞ պիտի ուղարկեր»,- ոգևորված ու հպարտ հիշում է Խորեն պապիկը՝ աստիճանաբար ներկայացնելով իրենց ամուսնության պատմությունը: Բուն թեմայից շեղվելով՝ ժամանակ առ ժամանակ հիշում է զոքանչին. «Նենց զոքանչ ունեի, նենց զոքանչ, էլ ասելու չի, անունն էլ՝ Օլյա»… 
Խորեն պապիկի և Նանուլի տատիկի ամուսնությանը կողմ է եղել Նանուլի տատիկի հորեղբայրը ու ապագա փեսային էլ հորդորել՝ փախցնել եղբոր աղջկան: «Ամուսնանալուս ժամանակն էր, Նանոն էլ իսկականից համապատասխան էր: Տեսա ու հասկացա, որ հեչ էլ վատը չի»,- ոգևորված ու ձեռքերն այս ու այն կողմ տանելով` պատմում է Խորեն պապիկը՝ շարունակ նկատողություն ստանալով տիկնոջից. «Կարճ կապի ու ձեռքերով մի' խոսիր»:
«Մի ամիս գնացի, եկա, վերջը պայմանավորվանք, ու փախցրի»,- հիշում է Խորեն պապիկը: «Երազում տեսածը կատարվում է. տեսել էի նրան, ու կատարվեց: Ես 20 տարեկան էի, դե որ իրա հարազատներով, բարեկամներով ամբողջ ամիս գնաց-եկավ, համաձայնեցի, մի փոքր գրություն գրեցի ու դուրս եկա տնից»,- ամուսնուն լրացնում է Նանուլի տատիկը՝ անընդհատ դիպչելով կողքին դրված նոթբուքին, որի էկրանին ֆեյսբուքյան բացված էջ է: «Ես շատ ակտիվ եմ սոցիալական ցանցերում, հարազատներիս հետ եմ շփվում: Բարեկամներից ով ում չի ճանաչել, անգամ տեղն էլ չի իմացել, բոլորին գտել եմ, միացրել եմ ու քաշվել կողքի»,- հպարտանում է Նանուլի տատիկը:
«Օտարություն չենք զգում այստեղ, դրսում ապրող մարդիկ այնքան ուրախ չեն, այնքան զբաղմունք չունեն, որքան մենք»,- ժպտադեմ ասում է Նանուլի Կարախանյանը, ապա պատմում, որ ամեն տարի տարեվերջյան միջոցառմանը պարում են, երգում և ուրախանում… Ուրախության շատ հաստ քողի տակից, սակայն, նշմարվում է հարազատների հանդեպ կարոտը:«Չեն գալիս այցելության»,- ասում է Նանուլի տատիկը և արագ սրբագրում իր խոսքերը. «Դե, ամեն մեկն էլ իր խնդիրներն ունի: Մենք լավ ենք, ուրախ ենք, ոչինչ»…
«Աքլորը գունավոր փետուրներ ունի, գեղեցիկ գույների առումով` շռայլ է, լավ գույներ են, ու կարծում եմ, որ կյանքն էլ գունավոր կդարձնի: Առաջին հերթին զինվորներին, սահմանապահներին եմ մաղթում առողջություն, զգոնություն: Թող իրենց հարազատներից, բարեկամներից անպակաս լինեն»,- ասում է Նանուլի տատիկը:
Լուսինե Հակոբյան
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: