կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-07 16:17
Հասարակություն

Վեց տարի է`կպել է ընձի ու պոկ չի գա. Հարություն պապի և Անուշ տատի ամուսնական կյանքի սկիզբը՝ տուն-ինտերնատում

Նորքի տուն-ինտերնատի՝ մեզ ուղեկցող աշխատակիցների հետ միջանցքով քայլում ենք և հանկարծ, կիսաբաց դռնից այն կողմ ընտանեկան ջերմություն ազդարարող եռուզեռի ենք ականատես լինում. Հարութ պապն ու Անուշ տատը, իրար հերթ չտալով, ներս են հրավիրում: 83-ամյա Հարություն Մկրտչյանը և 82-ամյա Անուշ Թամրազյանը ծանոթացել են տուն-ինտերնատում և որոշել ընտանիք կազմել: Գյումրեցի Հարություն Մկրտչյանը պատմում է, որ տիկնոջից ավելի շուտ է տեղափոխվել տուն-ինտերնատ և ավելի վաղ է կարողացել ծանոթանալ նոր բնակավայրի վարք ու բարքին:

«Ես ավելի շուտ էի եկել, Անուշն էլ օրերից մի օր՝ հոկտեմբերի 15-ին, եկավ ճաշարան աբեդի ժամին, աթոռը վերցրեց, ըստեղից ընդեղ դրեց, ընդեղից ընդեղ: Էլ չհամբերեցի, ասի՝ քիչ խելառ կար, դու էլ ավել եկար: Մեկ էլ` նա ինչի՞ ինձ խելառ անվանեցիր, պռոստը հարմար չէր, աթոռը ըստեղից վերցրեցի, ընդեղ դրեցի: Ես էլ ասեցի, որ խելացի, համեստ կինը չպետք է ըդպես անի, որտեղ դրված է, ընդեղ պետք է նստի: Վերջը, դե ինչխ որ ինքը վիրավորվավ, ու էդպես էլ սկսվավ»,- պատմում է Հարութ պապը՝ թևանցուկ անելով կողքին նստած տիկնոջը և երեխայական ամաչկոտությամբ շարունակ հայացքը փախցնում:

Շարունակելով իրենց կյանքի պատմությունը՝ Հարություն պապը հիշում է, որ տուն-ինտերնատում մի ընկեր է ունեցել, որին խոստացել է ամուսնացնել և անձամբ քավոր դառնալ: «Քավորկինն էլ ես կլինեմ»,- միջամտել է Անուշ տատը: «Ըդպես ստացվավ, վեց տարի է միասին ենք ապրում, բայց մե տարին ընբես հեռվանց մեկս մեկիս հետ խոսք ենք փոխանակել, հետո նոր միասին ապրել: Էս վեցը տարի է` կպել է ընձի ու պոկ չի գա էս կնիկը»,- կատակում է Հարություն պապը ու շարունակ նայում Անուշ տատի աչքերին, ով վարպետորեն ցույց է տալիս, որ իրեն «սառն է պահում»:

«Ամանորյա տոներին ես ոնց որ պետք է պարում էի, երգում էի, ամուսնուս հետ ինչ-որ պետք է անում էինք, բայց հիմա մի քիչ էն չէ, չեմ ուզում էլ, տարիքիս էդքան էլ համապատասխան չէ»,- ամուսնու խոսքը շարունակում է Անուշ տատը` պարբերաբար ուղղելով սեղանի ծածկոցը, որն անմիջապես գցել էր, որ «մեզ շնորհքով դիմավորի»:

«Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորներին մաղթում եմ բարի վերադարձ, աշխարհին խախանդություն լինի, թուրքն էլ թող էթա խողի տակ, մեր հայերը լավ ըլնեն, ապրեն»,- կեցվածքին յուրահատուկ հպարտություն հաղորդելով՝ շարունակում է Անուշ Թամրազյանը:

Լուսինե Հակոբյան

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: