|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոտոմյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Կողմերը խոսել են սպորտի եւ երիտասարդության քաղաքականության ոլորտում երկու երկրների համագործակցության եւ համատեղ իրականացվող ծրագրերի մասին, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարը ողջունել է դեսպանին եւ ներկայացրել 2016թ. ընցացքում նախարարության կողմից իրականացված ծրագրերից մի քանիսը:
Նախարարը խոսել է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ որպես բասկետբոլային գերտերության փորձն ուսումնասիրելու եւ մեր երկրում կիրառելու մասին: «Ամերիկահայ 7 բասկետբոլիստներ ընդգրկված են ՀՀ բասկետբոլի տղամարդկանց հավաքականի կազմում: Նրանք ամերիկյան բասկետբոլի դպրոցում ձեռք բերած գիտելիքները կիրառում են մեզ մոտ: Ահա սպորտում համագործակցության եւս մեկ փայլուն օրինակ»,- նշել է Հ. Ռոստոմյանը:
Դեսպան Ռ. Միլսի խնդրանքով նախարարը ներկայացրել է նաեւ երիտասարդական քաղաքականության ոլորտում նախարարության կողմից իրականացվող ծրագրերը:
«Ծրագրերը բազմազան եւ բազմատեսակ են: Որպես մեր որդեգրած քաղաքականության կարեւորագույն բաղադրիչ կառանձնացնեմ իրականացվող ծրագրերի մարզակենտրոն լինելը: Բազմաթիվ ծրագրեր ենք մշակել եւ դրանք իրականացնում ենք հատկապես մարզերում»,- տեղեկացրել է Հ. Ռոստոմյանը:
Ռ. Միլսն իր պատրաստակամությունն է հայտնել՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ ծրագրերի իրականացման գործում եւ հաջողություններ է մաղթել նախարարության բոլոր նախաձեռնություններին: