Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Լևոն Մկրտչյանի, և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը՝ ի դեմս ռեկտոր Ժան-Փոլ դե Գոդեմարի, այսօր Փարիզում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին:
Փոխըմբռնման հուշագրի նպատակն է` զարգացնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գիտահետազոտական լաբորատորիաների հետազոտական և տեխնոլոգիական գերազանցության կապերը Հայաստանի հետ՝ նպաստելով երիտասարդ հետազոտողների շարժունությանը, ինչպես նաև գիտության և տեխնիկայի զարգացման ոլորտում նոր համագործակցային ծրագրերի իրականացմանը: Համագործակցությունը կիրականացվի գիտահետազոտական նախագծերի իրականացման համար անցկացվելիք մրցույթների շրջանակներում:
Մրցույթին կարող են մասնակցել ՖՀԳ անդամ հայաստանյան համալսարաններում, ինչպես նաև այլ բուհերում և գիտահետազոտական հաստատություններում գրանցված ֆրանկոֆոն կամ մասամբ ֆրանկոֆոն հայ երիտասարդ հետազոտողները: Նախագծերի իրականացման տևողությունը մեկից մինչև առավելագույնը վեց ամիս է: Յուրաքանչյուր մրցույթի համար նախատեսվող բյուջեն կսահմանվի` ելնելով տվյալ տարվա համար նախատեսված բյուջետային հնարավորություններից։
Հուշագրի ստորագրումից հետո ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասված է. \"Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական հարաբերությունները խորը պատմական արմատներ ու ավանդույթներ ունեն, և այսօր մենք շարունակում ենք զարգացնել այդ ավանդույթները և համագործակցության նոր եզրեր փնտրել: Ֆրանկոֆոնիայի բազմամակարդակ գործունեության կարևոր հարթակներից մեկն է՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը, որը բացառիկ է իր հնարավորություններով և իր ծրագրերով նպաստում է ֆրանսալեզու գիտական տարածքի ստեղծմանը, խթանում է գիտական համագործակցությունը, աջակցում է գիտահետազոտական աշխատանքների կազմակերպմանը, իրականացմանը և փորձի փոխանակմանը։ Հայաստանը, խորապես հետաքրքրված լինելով հանրապետության գիտական կազմակերպություններում և համալսարաններում գործող գիտական խմբերի՝ եվրոպական տարածք ինտեգրվելու. համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալու հարցում, ուղիղ երկու ամիս առաջ միացավ Եվրամիության հետազոտության և նորարարության ֆինանսավորման \"Հորիզոն 2020\" ծրագրին: Այս փոխըմբռնման Հուշագիրը բնագիտական, հումանիտար, քաղաքաշինության և այլ ոլորտներում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Հայաստանի համար համագործակցության նոր հեռանկարներ կբացի, կնպաստի երիտասարդ հետազոտողների շարժունությանը\":
Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ երկուստեք համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և կհամալրվի նոր գաղափարներով ու բովանդակությամբ։ Նշենք, որ այցի ընթացքում Նախարար Լևոն Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել ՖՄԿ կառավարիչ Ադամա Ուանի հետ, ինչպես նաև ռեկտոր Ժան Պոլ դը Գոդմարի ուղեկցությամբ այցելել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գրասենյակներ: