|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մարտի 3-ին մասնակցել են ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ իրականացվող շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու դեսպան Միլզը նաեւ շրջել են ուսումնական կենտրոնի տարածքում, ծանոթացել ընթացող աշխատանքներին:
Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին՝ շեշտելով, որ երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների պայմաններում այս տարիների ընթացքում պաշտպանական բնագավառում համագործակցության շրջանակներում հաջողությամբ իրականացվել են եւ շարունակվում են իրականացվել տարբեր ծրագրեր:
«Հայկական խաղաղապահ ուժերի ուսումնական կենտրոնը մեր ամերիկյան գործընկերների օժանդակության շնորհիվ առաջիկա ամիսների ընթացքում ամբողջովին կվերակառուցվի եւ նոր տեսք կստանա: Սա պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան ակտիվ եւ արդյունավետ համագործակցության հերթական վկայություններից մեկն է: Մեր խաղաղապահները «Զառ» ուսումնական կենտրոնի հիմնավերանորոգումից եւ տեխնիկական վերազինումից հետո հնարավորություն կունենան իրենց վարժանքները եւ առաքելություններին նախապատրաստությունն իրականացնել բարելավված եւ ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններում»,- ասել է նախարարը՝ երախտագիտություն հայտնելով ամերիկյան կառավարությանը, ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության ինժեներական կորպուսին, Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը պաշտպանական համագործակցության, ռազմական կցորդի գրասենյակներին` որոնց անմնացորդ ջանքերի շնորհիվ իրականություն է դարձել նախագիծը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն իր հերթին նշել է, որ ծրագիրը հայ-ամերիկյան երկարամյա սերտ բարեկամության վերջին դրսեւորումներից մեկն է: «Այս տարի մենք տոնում ենք Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը: Այս բարեկամության առանցքային անկյունաքարերից մեկը մեր ռազմական համագործակցությունն է եւ մեր պաշտպանական կառույցների միջեւ վստահության հիմքի վրա ձեւավորված կապերը, որոնք նշանավորելու համար մենք այսօր հավաքվել ենք այստեղ»,- ասել է դեսպանը:
«Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները եւ վերապատրաստումը:
«Զառ» ուսումնական կենտրոնի վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով: Առաջին փուլում հիմնովին վերանորոգվելու է «Զառ» ուսումնական կենտրոնի եռահարկ հիմնական մասնաշենքը: Շինարարության հաջորդ փուլերի ընթացքում նախատեսվում է ուսումնական կենտրոնի ճաշարանի, պարսպի կառուցումը:
ՀՀ ՊՆ ֆինանսավորմամբ իրականացվելու են հետեւյալ աշխատանքները` գազամատակարարում, ջրամատակարարում, էներգահամակարգի վերակառուցում, կոյուղու եւ սեպտիկ հորի կառուցում: