կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-20 12:37
Իրավական

Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով մեղադրյալը քաղաքացիական հիվանդանոցում է

Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով մեղադրյալը քաղաքացիական հիվանդանոցում է

Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ընկերների սպանության մեջ մեղադրվող` Գաստիկ մականունով Վահան Հակոբյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի վարչությունից:

Մեզ հայտնեցին, որ Հակոբյանն առողջական խնդիրներ ունի և նրան  դեռևս դեկտեմբերի 12-ին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ` հետազոտելու նպատակով:

Նշենք, որ ներկայումս գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Գործով դեռևս հետազոտվում են ապացույցները:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող`«ԱԿՄՍ», «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգներ, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թ. մարտի 4-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը, տեղեկանալով որ Լևոն Ղազարյանը ժամանելու է «Նուբարաշեն» ՔԿՀ` տեսակցելու Դավիթ Իսպիրյան անունով կալանավորի, «ՎԱԶ-2107» մակնիշի` գողացված համարանիշներով մեքենայով նախապես ժամանել են ՔԿՀ-ի վարչական տարածք և, դիրքավորվելով ավտոկայանատեղիում, դարանակալել են և սպասել Ղազարյանի ժամանելուն:

Լևոն Ղազարյանի ժամանելուց հետո ավտոմեքենայից դուրս գալով` երեք ամբաստանյալները ինքնաձիգներից առնվազն 82 փամփուշտ կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից Մեսրոպ Նազարյանցը` տեղում, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են: