կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-20 12:19
Առանց Կատեգորիա

Սպանություն թուրքական ձևով

Սպանություն թուրքական ձևով

Երեկ երեկոյան Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից գրեթե անմիջապես հետո ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան շտապեց հայտարարել, թե Մոսկվան տեղի ունեցածը որակում է որպես ահաբեկչություն և Թուրքիայի իշխանություններից պահանջում հանցագործության լիարժեք բացահայտման նպատակով կատարել օբյեկտիվ քննություն: Այդ շտապողականությունը հաստատեց, որ Մոսկվան Թուրքիայի իշխանություններին ազատում է դեսպանի սպանության պատասխանատվությունից: LIVE.ru-ին տված հարցազրույցում ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին նշել էր, թե իրենք պաշտոնական Անկարայից ակնկալում են «օբյեկտիվ» գնահատական, որ Արևմուտքն է փորձում երկու երկրներին կռվեցնել: Ըստ էության՝ Ժիրինովսկին այդպիսով արտահայտել էր ռուսական կողմի սպասելիքը, թե հատկապես ինչպիսի բացատրություն և հայտարարություն է ուզում լսել Մոսկվան՝ ռուս-թուրքական նոր ջերմացած հարաբերությունները կրկին վտանգի տակ չդնելու առումով:

Անկարայի արձագանքն այս իմաստով կանխատեսելի էր: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և, նրան, ռուս ժողովրդին իր խորին ցավակցությունները հայտնելուց բացի, նշեց, որ տեղի ունեցածը հարձակում էր թուրք ժողովրդի դեմ: «Այս ահաբեկչական ակտը կհետաքննվի առանձնահատուկ բծախնդրությամբ»,- հավաստիացրել է Էրդողանը: Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են սպանության քննության նպատակով ձևավորել համատեղ հանձնաժողով:

Թե' Անկարան և թե' Մոսկվան, չսպասելով գոնե հետաքննության նախնական արդյունքներին, քաղաքական միևնույն գնահատականն են տալիս կատարվածին՝ հայտարարելով, թե այն ուղղված էր ինչպես ռուս-թուրքական սերտացող հարաբերությունների, այնպես էլ Սիրիայում երկու երկրների հակաահաբեկչական արդյունավետ գործողությունների դեմ: Որպես ոպացույց, որ դեսպանի սպանության միջոցով Մոսկվայի և Անկարայի միջև սեպ խրելու փորձը չի ստացվել, երկու կողմերի որոշմամբ, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այցը Մոսկվա՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքաիայի ատգործնախարարների վաղօրոք հրավիրված հանդիպման շրջանակում, չի հետաձգվել:

Սպանությունից հետո Անկարայից և Մոսկվայից հնչած առաջին իսկ հայտարարությունները վկայում էին, որ, անկախ ամեն ինչից, երկու կողմերն էլ առաջնորդվելու են բացառապես քաղաքական «ռեալ պոլիտիկ»-ի սկզբունքով, որը թելադրում է պահպանել երկկողմ հարաբերությունների ներկայիս վերընթաց մակարդակը: Սա նշանակում էր, որ անցած տարվա նոյեմբերին ռուսական ինքնաթիռը թուրքական ՀՕՊ ուժերի կողմից խոցվելու պատճառով հարաբերությունների խզման կրկնությունը գործնականում բացառվում է: Խնդիրը այն է, որ  դժվարին քաղաքական մանևրներից հետո կողմերը շատ կարճ ժամանակում վերագործարկեցին այդ միջադեպի հետևանքով սառեցված տնտեսական բոլոր նախագծերը, այդ թվում` «Թուրքական հոսք»  գազատարի շինարարությունը, քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերեցին հսկայական ծավալների հասնող առևտրաշրջանառությունն իրականացնել ազգային վալյուտաներով: Հարաբերությունների վերականգնումը հանգեցրեց Մոսկվայի համաձայնությամբ թուրքական զորքի` Սիրիա ներխուժմանը, ինչը Թուրքիային հնարավորություն տվեց ոչ միայն մտնել մերձավորարևելյան նոր քարտեզագրման գործընթացի մեջ, այլև քարտ բլանշ ստանալ` լուծելու իր սահմաններից քրդերի հեռացման երազանքը: Իսկ Սիրիայի կառավարական ուժերի հետ գործակցությամբ Հալեպի ազատագրումն ամրագրեց տարածաշրջանում ուժային բալանսի կտրուկ փոփոխությունը Ռուսաստանի օգտին և նրա քաղաքական հեգեմոնիայի հաստատմանը:

Մոսկվան չի թաքցնում իր ցանկությունը Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս քաշելու և դեպի եվրասիաինտեգրացիոն նախագծեր ներգրավելու հարցում, ինչն օգտագործվում է Անկարայի կողմից Արևմուտքի հետ շանտաժի լեզվով հաղորդակցվելու համար: Այսինքն` Ռուսաստանը և Թուրքիան այս տարվա հունիսին հարաբերությունները վերականգնելու արդյունքում այնպիսի լուրջ դիրքային առավելությունների էին հասել, որ ուղղակի անմտություն են համարում դեսպանի սպանության պատճառով այդ ամենը զրոյացնել: Հակառակը՝ այն միասնականությունը, որը կողմերը հանդես են բերում դեսպան Կառլովի սպանությանը տրված գնահատականներում, ավելի շատ խոսում է այն մասին, որ դա կարող է նոր խթան դառնալ ռուս-թուրքական հարաբերությունների համար և կողմերին մղել ներքին ու արտաքին մարտավարական խնդիրների լուծմանը: Մասնավորապես` թե' Ռուսաստանի առաջին իսկ ուղերձներից և թե'  դեսպանի սպանության հարցը ՄԱԿ-ում բարձրացնելուց պարզ է դառնում, որ Մոսկվան այն առիթ է դարձնելու Սիրիայում իր գործողությունները հակաահաբեկչական պայքարի ուժեղացման քողի ներքո ավելի ինտենսիվացնելու, Թուրքիայի հետ իսկապես ամոթալի հաշտությունը սեփական հասարակության մոտ արդարացնելու համար:

Թուրքական իշխանությունների համար այս դեպքը առիթ է դառնալու Էրդողանի տոտալիտար, սուլթանական ռեժիմի հաստատմանը նոր թափ հաղորդելու համար: Այն փաստը, որ հանցագործը Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից է, լիարժեք ազատություն է տալու Էրդողանին այս տարվա հուլիսին ձախողված հեղաշրջումից հետո բանակում իրականացված «զտումներից» հետո թիրախավորել նաև ոստիկանական համակարգը: Բացի դրանից՝ այն նոր թափ կհաղորդի հակագյուլենական հալածանքներին: Պատահական չէ, որ դեսպանի սպանությունից անմիջապես հետո Էրդողանի խորհրդականը հայտարարեց, թե հանցագործը կապված է եղել ԱՄՆ-ում բնակվող թուրք այլախոհական գործիչ Ֆեթհուլլա Գյուլենի՝ Թուրքիայում որպես ահաբեկչական կազմակերպություն հռչակված շարժման հետ, ինչը, իհարկե, հերքվեց Գյուլենի ներկայացուցչի կողմից: Քանի որ հանցագործը սպանված է, ստեղծվում է հետաքննությունը ցանկալի ուղղությամբ տանելու հնարավորություն: Եթե անգամ չհաջողվի ապացուցել հանցագործի կապը գյուլենականների հետ, ըստ ամենայնի` սպանությունը կկապվի Սիրիայում և Իրաքում գործող իսլամական ծայրահեղական խմբավորումների հետ:

Անկարայի և Մոսկվայի՝ նույն լեզվով խոսելու փաստը վկայում է, որ միջադեպը կարող է դառնալ փոխադարձ վստահության վերականգնման նախադրյալ: Հայաստանում առաջացած սպասումները, թե սա կդառնա ռուս-թուրքական «եղբայրության» հերթական ֆիասկոն, անտեղի են և անօգուտ: Ռուս-թուրքական հարաբերությունները չեն կառուցվում այդ տրամաբանությամբ: Հայաստանի համար ռուս-թուրքական մերձեցումը նույնքան վտանգավոր է, որքան խզումը կամ պատերազմը: Պատմական փորձը ցույց է տալիս, որ երկու դեպքում էլ թիրախավորվում է Հայաստանի շահը:         

Գևորգ Դարբինյան