Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016-ին գրացվել է մայրական մահացության 12 դեպք: Ըստ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի` մայրական մահացության դեպքերի մեծ մասի պատճառը եղել են հղիության հետ չկապված ախտաբանությունները (լյարդի սուր անբավարարություն և լյարդային կոմա, գեներալիզացված տուբերկուլոզային ինտոքսիկացիա, գլխուղեղի անոթների ինքնաբուխ պատռվածք տանը), և միայն 4-ն են պայմանավորված եղել հղիության համ հետծննդյան շրջանում առաջացած խնդիրների հետ:
Մայրական մահացության դեպքերը նվազեցնելու համար առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը դեռ 2016-ին իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց, որ առողջապահության նախարարության գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հրահանգվել է 2017-ի առաջին իսկ 6 ամսվա ընթացքում ունենալ զրույցներ, անցկացնել ատեստավորումներ երկրում գործող բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների հետ:
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել նախարարություն` տեղեկանալու, թե արդյո՞ք սկսվել է գործընթացը` հաշվի առնելով փաստը, որ հանրապետությունում 900-ից ավելի գինեկոլոգներ են անցնելու թեստավորումը:
Ի պատասխան, նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչությունից տեղեկացրել են, որ արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ և հիմա տարվում են նախապատրաստական աշխատանքները:
Ինչ վերաբերում է հարցին, թե համապատասխան մասնագետնե՞րն են վերապատրաստումն իրականացնելու համար այցելելու մարզեր, թե՞ բժիշկներն իրենք են գալու և տեղում անցնելու գործընթացը, տեղեկացնում են, որ մանկաբարձ-գինեկոլոգների հմտությունները և ծննդատներում առկա իրավիճակը կգնահատվեն տեղերում: «Այժմ մշակվում են մասնագետների գիտելիքների և գործնական հմտությունների գնահատման գործընթացի կազմակերպման իրավական հիմքերը»,- ասվում է պատասխանում:
Թե որքանո՞վ սա կնպաստի գինեկոլոգների մասնագիտական պատրաստվածության բարձրացման և գիտելիքների համալրմանը` դեռ պարզ չէ, քանի որ նրանք հավաստագրման գործընթաց են անցնում այժմ, և մի քիչ անհասկանալի է նաև, թե ո՞րն է լինելու տարբերությունը հավաստագրման և ատեստացիայի միջև: Նախարարությունից տեղեկացնում են, որ վերապատրաստումն իրականացվում է բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացման նպատակով, իսկ մյուսը միտում ունի նպաստել բուժօգնության որակի բարելավմանը, բժիշկների գիտելիքների և հմտությունների ուսումնասիրությանը:
Հուսանք, տարեվերջին ատեստացիայի արդյունքները կտեսնենք մահվան դեպքերի նվազման տեսքով: