կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 00:01
Հասարակություն

2021 թ. գրանցվել է մահացության 32.4% աճ նախապատերազմական և նախահամավարակային 2019 թ. համեմատ, իսկ 2020 թ. բացասական հաշվեկշռով է փակվել

2021 թ. գրանցվել է մահացության 32.4% աճ նախապատերազմական և նախահամավարակային 2019 թ. համեմատ, իսկ 2020 թ. բացասական հաշվեկշռով է փակվել

Այսօր ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է նախորդ տարվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող վիճակագրությունը, որի համաձայն` 2021 թ․ ՀՀ-ում գրանցվել են 32.4%-ով ավելի շատ մահվան դեպքեր, քան նախապատերազմական 2019 թ․։

Ուշագրավ է, որ 157-րդ էջի տողատակում ծանոթագրությամբ նշված է, որ 2021 թ. մահվան դեպքերի մեջ ներառված են նաև 2020 թ. 44-օրյա պատերազմական գործողությունների հետևանքով զոհված, սակայն 2021 թ. ապրիլ-դեկտեմբերին գրանցված 250 մահվան դեպքերը. «Սույն տվյալների վերջնականացումից հետո դրանք կներառվեն 2020թ. մահերի ցուցանիշում, հետևաբար 2020-2021թթ. ժողովրդագրական ամփոփ և կառուցվածքային ցուցանիշները կենթարկվեն առավել ամբողջական վերանայման»։

2021 թ. գրանցվել են 36585 ծնունդներ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ +0․6%, 2019 թ․ համեմատ՝ +1.5%) և 34658 մահեր (-4.2%, 2019 թ․ համեմատ՝ +32․4%)։

Ծնելիության գործակիցը կազմել է 12.4, իսկ մահացությանը` 11.7։

Մահվան դեպքերի 15.7%-ի պատճառը COVID-19 համավարակն է, ընդ որում` նախորդ տարվա համեմատ վիրուսը 53.7%-ով ավելի շատ կյանքեր է խլել։ Առանց COVID-19-ի պատճառով հարուցված մահվան 5450 պաշտոնական դեպքերի` նախահամավարակային 2019 թ. նկատմամբ մահացության աճը կազմում է 3022 մարդ կամ 11.54%։

Բացի COVID-19-ի աղետալի հետևանքներից` 2020 թ. համեմատ 71.4%-ով ավելացել են ՄԻԱՎ-ով հարուցված դեպքերը, ինչպես նաև 10.2%-ով աճել է մեռելածինների թիվը։

ՀՀ բնակչության բնական հավելաճը կազմել է 1927 մարդ, որը զիջում է 2019 թ․ համապատասխան թվին 80․4%-ով։

Ինչքան էլ որ պաշտոնական հրապարակման մեջ ահադղորդ ձևով նշված է, թե բնական հավելաճը 10.5 անգամ գերազանցել է 2020 թ. ցուցանիշին, նկատենք մի ցավալի փաստ. 2020 թ. նախնական +183 տվյալը, փաստորեն, ի վերջո, հենց վերը նշված ծանոթագրությամբ (250 նույնականացված աճյուններ 2021 թ. ցուցանիշի ներքո) վերահաշվարկվելու և դառնալու է -67:

Այսպիսով` այն, որ դեռ մեկ տարի առաջ պնդում էի, թե 2020 թ. ՀՀ բնակչության բնական աճը բացասական է եղել, արդեն փաստվում է պաշտոնական վիճակագրության հիման վրա հաշվարկով։

Վերադառնալով 2021 թ. ցուցանիշներին` նշենք, որ հունվարին, ապրիլին, նոյեմբերին և դեկտեմբերին մահեր ավելի շատ են գրանցվել, քան ծնունդներ։

Սահմռկեցուցիչ է 2021 թ. նոյեմբերի վիճակագրությունը` 3305 ծնունդ և 4577 մահ, հետևաբար բնական նվազումը` -1272։ Այստեղ զգալի է COVID-19-ի ազդեցությունը, որից մահերը նոյեմբերին կազմել են հակառեկորդային 1326 դեպքեր։ Այդ ցուցանիշով երկրորդ տեղում հոկտեմբերն է` 795 մահ, իսկ երրորդ հորիզոնականում` ապրիլը` 774 դեպք։

Ընդհանուր առմամբ` Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում մահերը գերազանցել են ծնունդներին։

2019 և 2020 թթ. համեմատ ինքնասպանություններն աճել են համապատասխանաբար 24.8 և 4.4 %-ով։ Նախահամավարակային և նախապատերազմական 2019 թ. համեմատ 10.3%-ով ավելացել են ամուսնությունները, սակայն, ցավոք, 14.3%-ով էլ աճել են ամուսնալուծությունների դեպքերը։

Միքայել Մալխասյան

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ,

պ.գ.թ., ժողովրդագրագետ