կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-23 19:00
Հասարակություն

2015թ. գրանցվել է մայրական մահացության աննախադեպ ցածր մակարդակ. ԱՆ

2015թ. գրանցվել է մայրական մահացության աննախադեպ  ցածր մակարդակ. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեցին առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացման հարցերը.տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվեց, որ հաշվի առնելով հանրապետությունում վատթարացնող ժողովրդագրական իրավիճակի` մասնավորապես ծնելիության ցուցանիշի և բնական աճի կրճատումը (1990թ.- 80.039 ծնունդ, իսկ 2014թ.-43.340, բնական աճը` համապատասխանաբար 16.3 և 5.1) 2007թ. հուլիսի 26-ին ՀՀ Կառավարության թիվ 29 արձանագրային որոշմամբ հաստատվեց առողջապահության նախարարության կողմից մշակված  վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարությունը, ծրագիրն ու գործողությունների ժամանակացույցը` համարվելով առաջնահերթություն։

Ռազմավարության իրականացման առաջին շատ կարևոր քայլն էր 2008թ. ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումը, որը Հայաստանի Հանրապետությունում հղիության ընթացքի և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունը և սպասարկումն իրավամբ դարձրեց անվճար, ինչը նպաստեց որակական ցուցանիշների բարելավմանը: Այսպես, եթե մայրական մահացության ցուցանիշը 1998-2000թթ. եղել է 39,9/100.000  կենդանածնության հաշվով, ապա 2014թ. 18,6/100.000 կենդանածնության հաշվով կամ նվազել է ավելի քան 2 անգամ:  2015թ. գրանցվել է մայրական մահացության աննախադեպ  ցածր մակարդակ, 5 դեպք` մահացության ինդեքսը 13:  Մայրական մահացության 2011-2013թթ. միջին եռամյա ցուցանիշը ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշի համեմատությամբ:

Հատկապես տպավորիչ են   մանկական և նորածնային մահացության ցուցանիշների կրճատումը (մանկական մահացություն-2011թ.` 11, 7%, 2014թ.` 8,7%, նորածնային մահացություն` 2011թ.` 8,4%, 2014թ.` 6,7%, որը հասանելի է հազարամյակի թիրախային ցուցանիշին)։

Առաջնային և երկրորդային անպտղության ցուցանիշը 1998թ. եղել է 32%։ Ժամանակակից հետազոտման ու բուժման, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների  ներդրման շնորհիվ  անպտղությունը կրճատվել է  ավելի քան կրկնակի անգամ` 2014թ. կազմելով 14,9%։

Հանրապետության ամբողջ տարածքում ընտանիքի պլանավորման ծառայությունների ստեղծման, ժամանակակից հակաբեղմնավորիչների տրամադրման, բնակչության իրազեկման բարձրացման և բժշկական անձնակազմի գիտելիքների բարձրացման շնորհիվ   2,5անգամ  նվազել է հղիության ընդհատումների թիվը, ինչը  հանգեցրել է երկրորդային անպտղության 2,5 անգամ կրճատման,  ինչպես նաև մայրական մահացության դեպքերի նվազեցման:

«Սա ամենից կանոնակարգված ոլորտն է, բայց մենք պետք է ավելին անենք ոչ միայն առողջապահական ցուցանիշների բարելավման, այլև ծնելիության ավելացման,  հետևաբար և ժողովրդագրական ցուցանիշների բարելավման նպատակով»,-ասաց Արմեն Մուրադյանը։

Այնուհետև քննարկվեցին այն ուղղություններն ու հնարավորությունները, որոնք կարող են նպաստել այդ ցուցանիշների բարելավմանը։ Եղան բազմաթիվ առաջարկներ դեռահասների առողջության պահպանմանը, հղիության  վարման և հսկողության բարելավմանը, հղիների ախտաբանության վաղ ախտորոշմանը և բուժման բարելավմանը, պրենատալ  ախտորոշման, անհաս, ցածր քաշով և  ախտաբանություններով նորածինների խնամքի, անպտուղ զույգերի հետազոտման և բուժման  բարելավմանը, ինչպես նաև զույգերի  մինչամուսնական հետազոտմանը և նախաբեղմնավորման խնամքի  ներդրմանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ։

Նշենք, որ ներկայումս մշակվել է և փորձաքննության փուլում է գտնվում 2016-2020թթ. վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությունը և  միջոցառումների ծրագիրը, որը կներկայացվի կառավարություն հաստատմանը: