կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-15 17:03
Քաղաքական

Քաղաքականության մեջ մարդիկ պետք է իրենց ցանկություններով չառաջնորդվեն. Արման Սահակյան

Քաղաքականության մեջ մարդիկ պետք է իրենց ցանկություններով չառաջնորդվեն. Արման Սահակյան

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է, այսօր խորհրդարանում, անդրադառնալով իր՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու հարցին, լրագրողներին ասաց,որ դա միմիայն կարող է լինել քաղաքական որոշման առկայության դեպքում: «Եթե Հանրապետական կուսակցության խորհուրդը, գործադիր մարմինը որոշեն, որ ես պիտի մասնակցեմ ընտրություններին, ապա ես կմասնակցեմ»,- ասաց նա:

Հարցին` իսկ ինքը նման ցանկություն ունի՞, արձագանքեց. «Քաղաքականության մեջ մարդիկ պետք է իրենց ցանկություններով չառաջնորդվեն: Եթե դու քաղաքականության մեջ ես, կա քաղաքական թիմ, ուրեմն պիտի ենթարկվես թիմի որոշումներին»:

Արման Սահակյանը, ի պատասխան հարցի՝ ավելի հեշտ էր աշխատել Հովիկ Աբրահամյանի՞, թե՞ Կարեն Կարապետյանի հետ, նշեց, որ աշխատող մարդու համար միշտ էլ հեշտ է աշխատել, ապա հավելեց՝ և՛ հեշտ է, և՛ դժվար:

Դիտարկմանը` խոսակցություններ կան, որ ինքը խնդիրներ ուներ Հովիկ Աբրահամյանի հետ, Սահակյանը պատասխանեց, որ ինքը երբեք խնդիրներ չի ունենում վարչապետերի հետ:

Խոսելով իր և Կարեն Կարապետյանի հարաբերությունների մասին` նա նշեց, որ շատ նորմալ գործընկերային հարաբերություններ են:

Հարցին էլ՝ ի՞նչ է կարծում, վարչապետը գո՞հ է իր աշխատանքից, Սահակյանը պատասխանեց, որ եթե դժգոհ լիներ, այս պահին չէր աշխատի: