կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-17 17:52
Արցախ

Մեր արտաքին քաղաքականության արդյունավետությունը կախված է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից. Բակո Սահակյան

Մեր արտաքին քաղաքականության արդյունավետությունը կախված է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից. Բակո Սահակյան

Անցած տարի շարունակվել է սերտ համագործակցությունը Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հետ։ Հետեւողական աշխատանքներ են տարվել միջազգային կազմակերպություններում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տարբեր ուղղությունների վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնելու ուղղությամբ։ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում եւ այլ միջազգային կառույցներում տարածվել են Արցախի արտաքին գերատեսչության մի շարք պաշտոնական փաստաթղթեր։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Խորհրդարանում կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը և ավելացրել, որ առաջին անգամ պատրաստվել են երկու կամավոր զեկույցներ՝ Արցախի Հանրապետության կողմից 1992 թվականի նոյեմբերի 26-ին միակողմանի կարգով միացած «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների կատարման, ինչպես նաեւ Արցախում ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» նպատակների իրականացման վերաբերյալ, որոնք ուղարկվել են ՄԱԿ-ի համապատասխան կառույցներ։ 
          
«Մենք բազմիցս նշել ենք, որ արցախյան կողմը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված հակամարտ կողմերի շփման գծում միջադեպերի կանխարգելմանն ու  կայունության, բանակցային գործընթացի շարունակականության համար բարենպաստ պայմանների ապահովմանը։  ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության, Սփյուռքի ազդեցիկ կազմակերպությունների եւ արտերկրում Արցախի համակիրների հետ  շարունակվել են  Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացում առկա դրական միտումների առաջմղման եւ դրա անշրջելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Համագործակցության մասին հռչակագրեր են ստորագրվել  Արցախի եւ օտարերկրյա պետությունների 6 քաղաքների միջեւ։ Քայլեր են ձեռնարկվել ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում հաստատված հարաբերություններին գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ, մասնավորապես` աշխատանքներ են իրականացվել Արցախի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների ստեղծման, կրթության, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- նշել է Բ. Սահակյանը:
 
ԱՀ Նախագահի խոսքով՝ մեծ կարեւորություն է տրվել միջազգային կապերի զարգացմանն ու խորացմանը՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող մեկուսացման քաղաքականությանը դիմակայելու տեսանկյունից։ Օտարերկրյա տարբեր պետություններից եւ միջազգային կառույցներից Արցախ է այցելել ավելի քան 70 պատվիրակություն։ Շարունակվել են աշխատանքները միջխորհրդարանական կապերի զարգացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձեւաչափերում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։ Հատկապես ակտիվ էին փոխշփումները եւ հանդիպումները Ֆրանսիայի, Բելգիայի, Կիպրոսի, ինչպես նաեւ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանական շրջանակների, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի հետ։ 
 
Հանրապետության Նախագահը նշել է նաև, որ արտաքին քաղաքականության ասպարեզում ծավալուն աշխատանք կիրականացվի նաեւ ընթացիկ տարում:
 
«Մենք շարունակելու ենք կառուցողական ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման, ադրբեջա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ համառորեն հետամուտ լինելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնմանը: Շարունակական  են լինելու նաեւ միջազգային հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության տարածումը, տարբեր երկրների եւ նրանց սուբյեկտների հետ փոխգործակցության հաստատման ու ընդլայնման գործընթացը:          Արտաքին քաղաքականության ասպարեզում մեր ծրագրերի արդյունավետ իրականացումը մեծապես կախված է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից, որը հանդիսանում է մեր բոլոր հաղթանակների ու հաջողությունների գրավականը, եւ մենք շարունակելու ենք անել ամեն ինչ այն անսասան պահելու համար»,- ավելացրել է ԱՀ Նախագահը: