Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-06-06 17:24
Քաղաքական

Անկախ մասնավորեցումից` բոլոր կառույցները կպահպանեն իրենց գործառույթները. Արման Սահակյան

Անկախ մասնավորեցումից` բոլոր կառույցները կպահպանեն իրենց գործառույթները. Արման Սահակյան

Այսօր Ազգային ժողովում լրագրողները կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեցին` արդյոք հավանական է, որ եթե Ծիծեռնակաբերդին լավ գին տան, ապա այն ևս  կվաճառվի, ինչպես մնացած կազմակերպությունները, ինչին նա արձագանքեց.  «Չեմ կարծում, որ նման հարցադրումը տեղին է, որովհետև Ծիծեռնակաբերդն այլ բան է»:

Անդրադառնալով բուժհաստատությունների մասնավորեցման ծրագրին, Սահակյանն ասաց, որ մասնավոր հիվանդանոցներն ավելի լավ են կառավարվում, քան պետականները: Դիտարկմանը` չկա՞ մտավախություն, որ առողջապահական ընկերությունների մասնավորեցման դեպքում դրանց ծառայությունները զգալի կթանկանան, նա պատասխանեց. «Եկեք համեմատություն մեջ նայենք` պետական հիվանդանոցնե՞րն են ավելի լավ ծառայություններ մատուցում, թե՞ մասնավորները: Կարծում եմ՝ մասնավորները: Ինչ վերաբերում է բուժծառայությունների գներին, ապա դրանք, ըստ էության, նույնն են թե՛ մասնավոր, թե' պետական բուժհաստատություններում»:

Արման Սահակյանը նաև ընդգծեց, որ, անկախ մասնավորեցումից, այն բոլոր կառույցները, որոնք կարևոր գործառույթ են իրականացնում, կպահպանեն իրենց գործառույթները: «Կառավարության ներկայացրած ծրագրում նշվում է, որ այնպիսի ընկերությունները, ինչպիսին են օրինակ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը կամ մաշկաբանության ինստիտուտը, պարտադիր պիտի պահպանեն իրենց պրոֆիլները»,- նշեց նա՝ հավելելով, որ վերջին 6 տարիների ընթացքում նման կենտրոններին առնչվող պայմանագրերում խիստ պահանջ է դրվել՝ պահպանել դրանց գործառույթները: