կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-15 11:21
Արցախ

ԼՂՀ ԱԺ նախագահը Փարիզում մի շարք հանդիպումներ է ունեցել

ԼՂՀ ԱԺ նախագահը Փարիզում մի շարք հանդիպումներ է ունեցել

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեկտեմբերի 14-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է «Սատար Ղարաբաղին» միության ղեկավար Մարալ Ասադուրյանի հետ: Քննարկվել են միության կողմից Արցախին աջակցելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ստեփանակերտում գործող «Պոլ Էլյուար» ֆրանսախոսության կենտրոնի հետագա անելիքներին և նախագծերին:

Արցախի խորհրդարանի նախագահը կարևորել է Ֆրանսիայում Ղարաբաղի Մշտական ներկայացուցչությանն աջակցելու՝ «Սատար Ղարաբաղին» միության և նրա ղեկավար կազմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այդ համագործակցությունն ավելի գործնական արդյունքներ կգրանցի՝ ամրապնդելով հայ-ֆրանսիական բարեկամությունը:

Օրվա երկրորդ կեսին Ֆրանսիայի Ազգային ժողովում Աշոտ Ղուլյանին ընդունել են «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, փոխնախագահ Ռենե Ռուքեն և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի քարտուղար Ժան-Պիեռ Դելանուան:

Հանդիպմանը քննարկվել են «Ֆրանսիա-Ղարաբաղ» և «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակների համագործակցության ծրագրերը և գալիք տարում  դրանց իրագործման հեռանկարները: Զրուցակիցները անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի առանձնահատկություններին և սպասվող զարգացումներին:

Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի ընդլայնված կազմով հանդիպումը «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանի հետ:

«Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամներից հանդիպմանը ներկա էին խորհրդարանի պատգամավորներ, սենատորներ, քաղաքապետեր, շրջանային խորհուրդների անդամներ, Իլ դէ Ֆրանս  շրջանի իշխանության ներկայացուցիչներ:

Բարեկամության շրջանակների ղեկավարներ Ֆրանսուա Ռոշբլուանը և Աշոտ Ղուլյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել են հաջորդ տարվա աշխատանքների ցանկը, որից հետո տեղի ունեցած մտքերի փոխանակության միջոցով հստակեցվել են տնտեսական, սոցիալական և մշակութային համատեղ ծրագրերի իրականացման նախնական պայմանավորվածությունները:

ԱԺ նախագահի աշխատանքային այցի եզրափակիչ միջոցառմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանն ու ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

 ԼՂՀ ԱԳՆ