Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել ԵԽ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց արդյունքներն ամփոփել է մամուլի ասուլիսում:
Եվրախորհրդի գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ Հայաստանի նախագահին դիմավորել և ողջունել է ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն: ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կարևորել է եվրոպական կառույցների, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի հետ Հայաստանի համագործակցությունը:
Հանրապետության ղեկավարը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել նաև ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների, խոսքի ազատության, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հարցեր: Ջոն Պրեսկոտը նշել է, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում մեծ առաջընթաց կա, ինչը ՀՀ իշխանությունների հաստատակամության և այդ ուղղությամբ ներդրած ջանքերի արդյունքն է:
Սերժ Սարգսյանն այնուհետեւ հանդիպում է ունեցել Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել Եվրախորհրդի կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը՝ ընդգծելով, որ Եվրախորհրդում Հայաստանն այլ երկրներին ներկայացնում են որպես օրինակ, թե ինչպես ԵԽ կառույցների հետ կառուցողական աշխատանքով կարելի է հասնել զգալի արդյունքների:
Ստրասբուրգում հանրապետության ղեկավարն այցելել է նաեւ հայ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի «Ճանապարհներ» լուսանկարների ցուցահանդես, որը բացվել է հունիսի 20-ին Եվրախորհրդում՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացման և Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Թորբյորն Յագլանդի համատեղ մամուլի ասուլիսը: ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի համար Հայաստանը շատ կարևոր անդամ է, որը գտնվում է Եվրոպայի համար նույնքան կարևոր տարածաշրջանում: Նրա կողմից բարձր են գնահատվել վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման ուղղությամբ դրական զարգացումներն ու իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը: Անդրադարձ է եղել նաև երկրում իրականացվող բարեփոխումներին և Եվրոպայի խորհրդի կողմից դրանց հնարավոր աջակցությանը:
Սերժ Սարգսյանը և Թորբյորն Յագլանդը խոսել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում առաջիկայում տեղի ունենալիք հանդիպման մասին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստայի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ կարևոր դեր է խաղում Հայաստանի իրավական համակարգի կայացման գործում: Նախագահի խոսքով` պատահական չէ, որ ներպետական դատարաններն իրենց վճիռները կայացնելիս առաջնորդվում են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով, անկախ այն հանգամանքից՝ դատարանի այդ վճիռը կայացվել է ՀՀ-ի, թե այլ երկրների վերաբերյալ գործերով: Ժան-Պոլ Կոստան նշել է, որ Հայաստանը կարող է օրինակելի համարվել եվրոպական դատարանի վերաբերյալ տեղեկատվության տարածման առումով: