Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 19-ին նախարար Նալբանդյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հետ:
Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականին իր բազմամյա հայանպաստ գործունեության համար, կարեւորել է Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի եւ նրա ղեկավարների մեծ ներդրումն ու դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում:
Կոնգրեսականը ներկայացրել է հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը, նաեւ նշել, որ ինքը հայ ժողովրդի բարեկամն է եւ շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման:
Ֆրենկ Փալոնի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ, որի հետ քննարկել է երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ:
Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ արտգործնախարարը քննարկել է առաջիկայում ՄԽ համանախագահների տարածաշրջան այցելությանն առնչվող հարցեր:
Մայիսի 19-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Վաշինգտոնի «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում: Նա ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունները, մանրամասն անդրադարձել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:
Վաշինգտոնից մեկնելուց առաջ Էդվարդ Նալբանդյանը առանձին հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայ դատի հանձնախմբի պատասխանատուների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ նրանց գործունեությանն առնչվող հարցեր: