կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-13 14:30
Քաղաքական

Ես կոչ կանեի բոլորին` կանգ առնել. Հերմինե Նաղդալյան

Ես կոչ կանեի բոլորին` կանգ առնել. Հերմինե Նաղդալյան

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԸՕ շուրջ կոնսենսուսին` համարելով այն աննախադեպ:

«Մենք չենք ունեցել ո'չ մասնակցության նման երևույթ և ո'չ էլ համագործակցության նման արդյունք, և մենք իսկապես լիահույս ենք, որ այս համագործակցության արդյունքը շարունակական է լինելու ոչ միայն փաստաթղթի ընդունման մեխանիզմի ձևավորման ժամանակահատվածում, այլև ընտրությունների ժամանակահատվածում»,- ասաց նա:

Նաղդալյանը, խոսելով քաղհասարակության՝ քննարկումներին չմասնակցելու մասին, նշեց, որ մեր երկրում քաղաքացիական հասարակությունը չի սահմանափակվում այն ներկայացուցիչներով, այն ինստիտուտներով, այն կազմակերպիչներով, որոնք ուղղակիորեն մասնակցել են այս գործընթացին: «Ես կոչ կանեի բոլորին` կանգ առնել և անդրադարձ անել, գտնել համագործակցության այն եզրերը, այն հնարավորությունները, որոնք մեզ բերելու են ավելի լավ արդյունքների»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ դուք քաղաքացիական հասարակության նոր ներկայացուցիչներ ներգրավեք, Նաղդալյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ պետք է քաղաքացիական հասրակության ներկայացուցիչներին բաժանել նորերի, հների, որոնք մասնակցել են, որոնք չեն մասնակցել: Այս գործընթացում շահագրգիռ ենք բոլորս, ամբողջ հասարակությունը՝ և' քաղաքական ուժերը, և' քաղաքացիական հասարակությունը: Բոլորս իրար հետ պիտի փորձենք քայլ անել դեպի առաջ: Բավական մեծ ճանապարհ ենք անցել, մենք միասին բավական շատ քայլեր ենք արել և արժե, որ մենք ևս մեկ անգամ մեր կամքը ներդնենք` ավելի առաջ գնալու համար»:

Հիշեցնենք, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հրաժարվել էին մասնակցել 4+4+4 ձևաչափի քննարկումներին: