կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-07 12:33
Հասարակություն

Ծաղիկներով ևս հնարավոր է արտահայտել դժգոհություն, պայքար. Հերմինե Նաղդալյան

Ծաղիկներով ևս հնարավոր է արտահայտել դժգոհություն, պայքար. Հերմինե Նաղդալյան

Այսօր լրագրողները ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից հետաքրքվեցին օրերս մեծ աղմուկ հանած նրա լուսանկարների մասին:

 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Հերմինե Նաղդալյանը ՀՀԿ կանանց հետ այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ ոգեկոչման միջոցառման մասնակցելու, եւ համացանցում տարածվել են լուսանկարներ, որոնցում Հերմինե Նաղդալյանը և մի շարք կանայք ցնծության մեջ են, ուրախ և զվարթ:

 

Հերմինե Նաղդալյանը նախ շնորհավորեց լրագրողներին կանանց տոնի կապակցությամբ` շեշտելով. «Հավատում եմ, որ ձեզանից որևէ մեկը, երբ գնա Ծիծեռնակաբերդ, հավուր պատշաճի կեցվածքով է այնտեղ լինելու: Երբևիցե մտքիս ծայրով անցկացնել թույլ չէի տա, որ կարելի է գնալ, անմար կրակի մոտ կանգնել և զվարճանալ: Եթե ձեզանից որևէ մեկը այդպես կանի, այդ դեպքում ինքը նաև իրավունք ունի դատապարտելու մեկ ուրիշին»:

 

Նա բացատրեց, որ այդ օրը կազմակերպվել էր մեծ միջոցառում, և նախատեսվածից շատ ավելի մարդ էր եկել, հետեւաբար` նախապատրաստական աշխատանքները տևել են երկար: ԱԺ փոխխոսնակը շարունակեց բացատրել, որ բոլոր այդ կանայք եկել էին հանրապետության տարբեր մարզերից, հեռավոր համայնքներից և հավատում էին, որ աստվածահաճո գործ են անում, իսկ իրար տեսնելիս ողջունում էին միմյանց, քաջալերում և ժպտում: Նա ակնարկեց, որ այդ լուսանկարներն արվել են ոչ թե բուն միջոցառման պահին, այլ միջոցառման նախապատրաստական փուլում: 

 

Ըստ Նաղդալյանի` ծաղիկներով ևս հնարավոր է արտահայտել դժգոհություն, պայքար: «Ծաղիկները խնդրեցի բարձրացնել, որ համոզվեմ, որ բոլորը ծաղիկ ունեն»,- հավելեց նա:

 

ԱԺ փոխխոսնակը հերքեց այն խոսակցությունները, թե բազմաթիվ ուսուցչուհիների պարտադրանքով են այդտեղ բերել: «Թող այդ ուսուցչուհիներից որևէ մեկն իր անուն-ազգանունով դուրս գա, ասի, որ չէր ուզում գալ, հարգանքի տուրք մատուցել, ու որ նրան պարտադրանքով են բերել: Մնացածը մարազմի թեմաներ են»,- ասաց Հերմինե Նաղդալյանը: